Հայ փոքրիկներն այսօր արդեն հնարավորություն ունեն ծանոթանալու թումանյանական հերոսներին ոչ միայն գրքերի, հեռուստատեսության ու թատրոնի, այլ նա- համակարգչային խաղերի միջոցով: «Ձախորդ Փանոսն» ու «Խոսող ձուկը» երեխաներին ներկայացվում է նոր մոտեցմամբ: Եթե մինչ այժմ երեխաները ժամեր էին անցկացնում համակարգչի առաջ` խաղալով Հարի Պոտերի, Ալադինի ու այլ երկրների մշակույթ ներկայացնող խաղեր, ապա այժմ համակարգչային էկրանի վրա կհայտնվեն հայկական հերոսներ:
Հայկական հեքիաթների սյուժեներով խաղերի ստեղծման մտահղացումը պատկանում է հայկական BMML ընկերությանը, որի տնօրեն Հայկ Խանջյանի կարծիքով համակարգիչն արդեն գրավել է գրքերի եւ այլ կրթական միջոցների տեղը, ուստի ազգայինը ներկայացնելու եւ երեխաներին կրթելու միջոց կարելի է հենց համակարգիչը դարձնել: Համակարգչային խաղերի մեջ, ինչպիսին է օրինակՙ «Մահացու ճակատամարտը», շատ են վայրենություն, ծեծ ու ջարդ սերմանողները, երեխաների հոգեկան անդորրն աղավաղողները, հանգամանք, որը բարեբախտաբար բացակայում է հայկական հեքիաթներում:
Ուսուցողական մասը միայն հեքիաթներին ծանոթացնելով չի սահմանափակվում, խաղերը հայերեն, արեւմտահայերեն ու անգլերեն լեզուներով են, ինչը հնարավորություն է ստեղծում խաղերն արտահանել` սկզբնական շրջանում տարածելով գոնե հայկական սփյուռքում:
Հայկական հեքիաթները տարածելու գաղափարն այսքանով չի եզրափակվում. BMML ընկերությունում աշխատանքներ են տարվում «Քաջ Նազարի» անիմացիոն մուլտֆիլմը ստեղծելու ուղղությամբ: «Քաջ Նազարը» ներկայացվելու է ոչ թե որպես նազարականության զավեշտալի «հիմնադիր», այլ` հերոս:
Իսկ ո՞վ ասաց, որ մեր Փանոսն ու Նազարը կամ նրանց ավանակն ու վագրը ստեղնի մի սեղմումով չեն կարող թռչել կամ վազել:
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ