Գարնան զարթոնքին, կանանց տոնին է նվիրվում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք յուրօրինակ տոնական համերգը: Ինչպես տեղեկացրեց նախագծի հեղինակ Վազգեն Ասատրյանը մեր զրույցի ընթացքում, «Սերունդների երթ» խորագիրը կրող տոնական համերգը նախաձեռնել են Հանրային հեռուստատեսությունը եւ «Փարիզյան սուրճ» ընկերությունը: Համերգի ռեժիսոր Սուրեն Ռշտունին, գլխավոր օպերատոր Բորիս Պետրոսյանը նախագծի հեղինակ Վազգեն Ասատրյանը խոստանում են այդ օրը ներկա գտնվողներին յուրօրինակ տոնական տրամադրություն: Պրն Ասատրյանը տեղեկացրեց, որ «70-ականների երգիչ-երգչուհիները առաջին անգամ զուգերգով հանդես կգան: Այդ երեկո կլինեն բազմաթիվ անակնկալներ: Հանդես կգան Ժան Թաթլյանը (որը 40 տարի Հայաստանում չի եղել), Գայանե Հովհաննիսյանը, Սմբատ Վարդանյանը, Տոմիկ Մադատովը (որը Կ. Օրբելյանի նվագախմբի ղեկավար է եղել 21 տարի) եւ ուրիշներ: Երեկոն կհամեմվի նաեւ Հրանտ Թոխատյանի, Աշոտ Ղազարյանի հումորային համարների կատարումներով»: Իսկ իմ այն հարցին, թե երգացանկում ի՞նչ երգեր են ընդգրկված, պրն Ասատրյանը նշեց, որ «հնչելու են ժողովրդի կողմից սիրված հին երգերը` թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան եւ թե՛ ռուսական: Իհարկե չեմ ուզում բոլոր անակնկալները բացել, բայց ասեմ, որ առաջին անգամ Սիրուշո-Ժորիկ Մանգասարյան, Արամո-Ռադիկ, Էմմա Պետրոսյան-Ռուբեն Մաթեւոսյան, Ռաիսա Մկրտչյան-Արսեն Գրիգորյան, Գայանե Հովհաննիսյան-Արսեն Սաֆարյան, Վազիկ-Էմմի, մայր ու աղջիկ, հայր եւ որդի հանդես կգան զուգերգերով: Մի խոսքով բոլորին խոստանում ենք իսկական տոն, հենց մարտի 8-ին` կանանց, մայրության ու գեղեցկության օրվա առիթով, որը նաեւ անջնջելի հուշ կլինի` հաղորդակցվելով 70-ականների եւ երիտասարդ երգիչ-երգչուհիների կատարումներին»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ