Երեկ 32 կողմ, ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայնով Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր ընտրվեց բուհի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, 45-ամյա Գոհար Քալյանը: Ինչպես «Ազգ»-ին տեղեկացրեց բուհի կառավարման խորհրդի անդամ, հասարակական կարգով ռեկտորի խորհրդական, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, տկն Քալյանից բացի, առաջադրվել էր նաեւ Մարինա Սաֆարյանի թեկնածությունը, որը, սակայն, ոչ մի ձայն չհավաքեց:
«Գոհար Քալյանը կարծես կառավարության, լիազոր մարմնի, դասախոսների եւ ուսանողների միասնական թեկնածուն էր դարձել, ասաց Արմեն Աշոտյանը: Բոլորի ակնկալիքները մեծ են»: Աշոտյանի խոսքերով, քանի որ բժշկագիտությունը ողջ աշխարհում արագ է զարգանում, բուհում անընդհատ նորամուծությունների անհրաժեշտություն կա: Նա տեղեկացրեց, որ սեփական կլինիկաների ընդլայնման, գիտահետազոտական լաբորատորիաների արդիականացման, բուհը Բոլոնյան հռչակագրի պահանջներին համապատասխանեցնելու եւ այլ խնդիրների լուծում են ակնկալում նորանշանակ ռեկտորից:
Հարցին, թե արդյոք տկն Քալյանը կուսակցակա՞ն է, պրն Աշոտյանը պատասխանեց. «Որքան գիտեմ, ոչ»:
Թ. Մ.