Լինարեսի շախմատի մրցաշարը հատեց «հասարակածը»: Առաջին շրջանի հանդիպումներն անցկացվեցին Մեքսիկայում: Այժմ մասնակիցները կտեղափոխվեն Լինարես, որտեղ մարտի 3-ին կմեկնարկի մրցաշարի երկրորդ շրջանը:
Առաջին շրջանում բավական հաջող հանդես եկավ երեւանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որն անցկացրած 7 պարտիաներում վաստակել է 4,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Վերջին երկու տուրերում հայ գրոսմայստերը 1,5 միավոր վաստակեց: Նա նախ` սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան առաջատարի` Լեկոյի հետ, ապա` սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին: Այսպիսով, Արոնյանն առաջին շրջանում անցկացրած 7 պարտիաներից 3-ում հաղթեց, 3-ն ավարտեց ոչ-ոքի եւ զիջեց միայն Վասիլի Իվանչուկին:
Երկրորդ շրջանի մեկնարկից առաջ մրցաշարի առաջատարի դերը ստանձնել է հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն: Նա Արոնյանին գերազանցում է ընդամենը կես միավորով: Լեկոն միակն է, որ դեռեւս անպարտելի է: Նա հաղթանակներ է տոնել Իվանչուկի, Ռաջաբովի եւ Վալյեխոյի նկատմամբ, մյուս պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:
Հետաքրքրական է, որ 6-րդ տուրում միակ ոչ-ոքին գրանցվել էր Արոնյանի եւ Լեկոյի մրցավեճում, իսկ հաջորդ տուրում Արոնյանը միակն էր, որ հաղթանակ տոնեց: Լեկո-Թոփալով, Վալյեխո-Իվանչուկ, Սվիդլեր-Ռաջաբով պարտիաներում մրցակիցները բաժանեցին միավորը:
4 միավորով 3-րդ տեղում է ընթանում Պյոտր Սվիդլերը: Մինչ Արոնյանին պարտվելը նախկին առաջատարն անպարտելի էր: Դրանից հետո, հաջորդ տուրում Սվիդլերը զիջեց նաեւ Իվանչուկին: Վերջինս Ռաջաբովի հետ 3,5-ական միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: 3 միավոր ունի Ֆրանսիսկո Վալյեխոն: Առայժմ իր խաղը չի վերագտնում աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը, որը 2,5 միավորով նախավերջին տեղում է: Նա միակ հաղթանակը տոնել է Իվանչուկի նկատմամբ: Իսկ աղյուսակը 2 միավորով եզրափակում է Էթիեն Բաքրոն, որն առայժմ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը:
Եվ այսպես, չորսօրյա հանգստից հետո արդեն Իսպանիայում Լինարեսի մրցաշարի մասնակիցները կշարունակեն մրցավեճը գլխավոր մրցանակի համար: 8-րդ տուրում Արոնյանը սեւերով խաղալու է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որին հաղթել էր առաջին շրջանում: Կկայանան նաեւ Լեկո-Վալյեխո, Թոփալով-Սվիդլեր, Իվանչուկ-Բաքրո պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ