Հայաստանցի լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը մասնակցելով ոլորավայրէջքի մրցումներին, վերջնագիծ հասած 47 մարզիկների մրցավեճում գրավել է 45-րդ տեղը` առաջ անցնելով Ուզբեկստանի եւ Ճապոնիայի պատվիրակներից: Նա մրցատարածությունը հաղթահարեց 2 րոպե 16,21 վրկ-ում: Նշենք, որ մեկնարկի էին դուրս եկել ընդհանուր առմամբ 93 լեռնադահուկորդներ, որոնց գրեթե կեսը (46 մարզիկ) չկարողացան հասնել վերջնագիծ կամ էլ որակազրկվեցին մրցումների ընթացքում: Ուստի, եթե այդ հանգամանքը հաշվի առնենք, ապա հայ լեռնադահուկորդի ելույթը կարելի է բավարար համարել:
Իսկ պատվո պատվանդանը զբաղեցրին ավստրիացի լեռնադահուկորդները: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Բենջամին Ռայխը: Նրա հայրենակիցներ Ռայնֆրիդ Հերբստն ու Ռայներ Շոնֆիլդերը համապատասխանաբար արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ