ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՔՈՖԻ ԱՆԱՆԻՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ
ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻՆ
Բազում դարերի ընթացքում Ղարաբաղի բնիկ հայ ժողովուրդը Հայաստանին մաս կազմող իր պատմական տարածքում ստեղծել է հեթանոսական ու քրիստոնեական ճարտարապետության հազարավոր գլուխգործոցներ, մշակույթի անկրկնելի հուշարձաններ: 1639թ. երբ անհաշվելի արհավիրք ու վիշտ տեսած Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի ու Թուրքիայի միջեւ, Ղարաբաղի մարզը հայտնվեց արեւելյան (պարսկական) մասում, որտեղ պահպանվեցին հայկական մելիքությունները: Սակայն ռուս-պարսկական պատերազմի (1813թ.), ինչպես եւ ռուս-պարսկական ու ռուս-թուրքական պատերազմների (1927-1928թթ.) արդյունքում Արեւելյան Հայաստանը ու Ղարաբաղի մարզը մտան Ռուսական կայսրության կազմի մեջ:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, հեղափոխությունը մահմեդական արեւելք արտահանելու բոլշեւիկյան տխրահռչակ քաղաքականության ծիրում պատմական Հայաստանի տարածքի մեծ մասի վրա ձեւավորվեց Ադրբեջանի մահմեդական հանրապետությունը: 1921թ. Թուրքիայի ճնշման տակ Ադրբեջանին փոխանցվեցին Նախիջեւանի ու Ղարաբաղի երկրամասերը: Եվ սաՙ համաձայն Ստալինի այն դրույթի, որ հանուն համաշխարհային հեղափոխության Հայաստանը «պիտի զոհի իր նախկին տարածքի ու առկա բնակչության մի մասը» (jurnal "Jizn nacionalnostei", 4 մարտի 1921թ.):
Օգտվելով պաշտոնական աթեիստական գաղափարախոսությունից, խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը տասնամյակների ընթացքում ծրագրված կերպով ոչնչացրել է քրիստոնեական պատմության ու մշակույթի հազարավոր կոթողներ: Օգտվելով նաեւ ԽՍՀՄ-ում օրինականացված զանգվածային բռնաճնշումներից, Ադրբեջանի կուսակցական ղեկավարությունը հիմնականում քրիստոնյա հայերի հաշվին էր ամբողջացնում զոհերի ցուցակները:
Ետպատերազմյան շրջանում, ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը չարանենգ միջոցներով արտաքսում էր տոհմիկ հայ բնակչությանը: Վերակառուցման սկզբում հայկական Նախիջեւանում չէր մնացել ոչ մի հայ: Նման ճակատագիր էր սպասվում նաեւ Ղարաբաղին, որը, հավատարիմ միջազգային իրավական նորմերին եւ գործող խորհրդային օրենսդրությանը, ընդունեց Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ մայր հայրենիքին` Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու խորհրդարանական որոշում (1988թ.): Օրենսդիր մարմի այդ որոշմանն ու խաղաղ հանրահավաքներին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի արյունալի ջարդերով (1988թ.): Տասնյակները սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին, քսան հազարից ավելի հայեր արտաքսվեցին: Սումգայիթի անպատժելիությունը ծավալեց բարբարոսության նոր ալիք, որի բարձրակետը Բաքվի զանգվածային ջարդն էր (1990թ.)ՙ ավելի քան 200.000 հայերի բռնի արտաքսմամբ:
1991թ. Բաքուն Ղարաբաղում սանձազերծեց լայնածավալ ռազմական գործողություններ: Ադրբեջանական իշխանությունները Շուշին, Խոջալուն, Աղդամը վերածեցին մահագույժ կրակակետերի, որոնց ոչնչացումը կենաց ու մահու հարց դարձավ Ղարաբաղի համար:
Ադրբեջանի կողմից Ղարաբաղին պարտադրված արյունահեղությունը տեւեց երկու տարի, որն ի դեպ, ուղեկցվում էր օդային ու հրթիռահրետանային ռմբահարումներով, որոնց ենթարկվում էին անգամ Հայաստանի սահմանամերձ շրջանները:
Հայերը հաղթեցին անհավասար մարտում, սեփական ազատության համար վճարելով բազմահազար կյանքերով: Միայն Ղարաբաղում ոչնչացվել էր 150 բնակավայրՙ հնամենի գերեզմանատներով, բնաջնջվել էին առանց բացառության կենսապահովման բոլոր հաստատությունները: Հայերը դատապարտված էին հաղթելու, քանզի այլընտրանք չունեին: Հաղթանակ, որը վավերացվեց Բիշքեքի խաղաղության համաձայնագրով (1994թ.): Ահա արդեն 12 տարի է, ինչ տարածաշրջանում պահպանվում է խաղաղությունը, որի երաշխավորն են ոչ միայն հայկական կանոնավոր զորամիավորումները, այլեւ որպես անվտանգության գոտի ազատագրված տարածքները:
Եվ այժմ, խնդրի կարգավորման ուղիների միասնական փնտրտուքի փոխարեն, Բաքուն վարում է աննախադեպ մի պատերազմ, որը միջազգային կոնվենցիաների համաձայն անվանվում է այլատյացություն (քսենոֆոբիա), այսինքնՙ անասնական ատելություն ու անհանդուրժողություն ցանկացած ոչ յուրայինի, այս դեպքումՙ ցանկացած հայկականի դեմ։
Ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, երբ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող պատերազմը` այլատյացությունը, կիզակետում է, հայ ժողովուրդը անիմաստ ու անընդունելի է համարում որեւէ ձեւաչափի բանակցություն, մինչեւ որ համաշխարհային հանրության խստագույն վերահսկողության ներքո չկատարվեն միջազգային իրավական նորմերով նախատեսվող հետեւյալ պայմաններն ու պահանջները.
Սումգայիթում ու Բաքվում իրականացված հայկական ջարդերի կազմակերպիչների ու իրականացնողների դեմ դատական գործերի վերաբացում, հաշվի առնելով այն փաստը, որ մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ դատական գործերը լսվել են ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո հանցագործները հայտնվեցին ազատության մեջ:
Ադրբեջանական մարդասպանի հերոսացման անպատկառ փաստի դատապարտում, ով Բուդապեշտում կացնահարել էր քնած մարդու, միայն այն պատճառով, որ վերջինս հայ է:
Ադրբեջանական կանոնավոր բանակի կողմից Ջուղայի հայկական գերեզմանատանը եւ Նախիջեւանի տարածքում ծավալվող մշակութային վանդալիզմի անհապաղ դադարեցում, դրա կազմակերպիչների ու իրականացնողների դեմ քրեական գործերի հարուցում,
Ադրբեջանին կանչել պատասխանատվության (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հիմնարար փաստաթղթերի հիման վրա) ռազմամոլ այլատյացության, հայ ժողովրդի նկատմամբ ռասիզմի ու բռնության քարոզչության համար:
Ընդունված է Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի մասնակիցների կողմից
28 փետրվարի, 2006թ., Երեւան