Ոճրագործության տարում ծնված երիտասարդներն այսօր հայոց բանակում են ծառայում
18 տարի առաջ ադրբեջանցի ոճրագործների արյունոտ ձեռքով Սումգայիթում հայեր կոտորվեցին: Այդ տարի ծնված ամեն մի երիտասարդ այսօր զինվոր է հայոց բանակում: Ակնհայտ էՙ թուրքի ու ադրբեջանցու ձեռագիրը չի փոխվել, 1915-ի պատմությունը կրկնվեց 88-ին, ապա դրսեւորվեց Բուդապեշտում, իսկ այսօր շարունակվում է Ջուղայում: Վահան Հովհաննիսյանը սակայն գտնում է, որ մենք արդեն փոխվել ենք, «անպաշտպան մեր հուշարձանների պաշտպանության համար ունենք հայոց բանակ», եւ չնայած ժողովուրդն այսօր հիասթափված է համարվում, անհրաժեշտության դեպքում նա հաստատապես կգնա հայրենիքը պաշտպանելու:
Հրապարակախոս Զորի Բալայանը «Ազգի» հետ զրույցում այսօրվա զինվորներին կոչ արեց հպարտ լինել, որ մեծացել են ազատ հայրենիքում, չմոռանալ նրանց, ովքեր մեր երկրի անկախության համար հող են դարձելՙ այդ հողն առավել թանկ դարձնելով եւ գիտակցեն, որ իրենցից է կախված երկրի ազատությունը:
Թերեւս դժվար է մատնանշել վերջին տարիներին կազմակերպված նման հանրահավաք, որ այսչափ մեծՙ բազմահազարանոց մասնակիցներ ունենարՙ աշակերտներ եւ ուսանողներ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ, քաղաքացիներ ցուցապաստառներ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների եռագույն դրոշներ էին հրապարակ բերել. «Չկա վաղեմության ժամկետ Սումգայիթի համար», «Հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում հանցագործություն է մարդկության դեմ», «Ցեղասպանված մշակույթ Նախիջեւանՙ մոռացումի զոհ»:
Այս բոլորի մեջՙ բեմահարթակի հետնամասում, 81-ամյա Փառանձեմ տատիկը 12 լուսանկարների ցուցատախտակ էր բռնել: «1904-ին Բաքվի ցեղասպանությանը ենթարկված հայերի նկարներ են, հորեղբորս էլ են այնտեղ սպանել», տեղեկացնում էր հետաքրքրասերներին: Որդին Արցախում է զոհվել, ինքն այսօր լուսանկարներով ու հիշողություններով է ապրում:
Պատանիների ու երիտասարդների մասնակցությունը ոգեւորել էր քաղաքական գործիչներին: «Պայքարը 1 օրով չի լինում, այն անընդհատ է, եւ պայքարը պետք է մեր ազգի ոգին ամրացնի: Այստեղ կան պատանիներ, որոնք դեռեւս 18 տարին չեն բոլորել: Նրանք պետք է քաջ գիտակցենՙ ինչ խնդիրներ եւ սպասումներ ունի մեր ազգը: Սերունդների փոխադարձ ոգեղենի կերտման միջոցառում է այսօր», գտնում է Գալուստ Սահակյանը:
Նախադեպը չունեցող այս հավաքը, Զորի Բալայանի գնահատմամբ, ուշացած չէ. «Չէի ասի, թե լռել ենք: Այս քսենոֆոբիան մեր պատերազմը չէ, մեր պատերազմում մենք հաղթել ենք, իսկ թուրքը, պարտվելով եւ տառապելով պարտվողի ախտանիշով, ամեն ինչ անում է, որ արդարացնի իրեն, այդ պատճառով է ցանկանում կեղտոտ պատերազմը մեր վզին փաթաթել: Գլխավորն այն է, որ սա (բողոքի ակցիա-Թ. Մ.) չլինի մեկ անգամ: Պատերազմումՙ ինչպես պատերազմում, ամեն օր»:
Հանրահավաքի վերջում բոլոր մասնակիցներն իրենց բռունցքները վեր բարձրացնելով ընդունեցին հայերի հանդեպ իրականացվող ոճրագործությունները դատապարտող փաստաթուղթ, որը ՀՅԴ երիտասարդները փոխանցեցին Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին, աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակությանը, Եվրոպական միությանը: Նշենք նաեւ, որ համահայկական հանրահավաքին նախապես իր զորակցությունն էր հայտնել Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը:
Իսկ մինչ այդ` առավոտյան, Սումգայիթի ջարդերին զոհ գնացածների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետը եւ իշխանության այլ ներկայացուցիչներ: Մինչ պաշտոնատար անձանց ժամանումը կազմակերպչական խումբը վերջին հարցերն էր լուծում: Նվագախմբի փորձի եւ մյուս խնդիրների հետ կապված վերջին ցուցումների կողքին կազմակերպիչներից մեկը բղավոցով դիմեց սումգայիթյան զոհերի հուշարձանի մոտ կանգնած եւ նույն ջարդերի մասին ծանր հիշողություններով ապրող մի տատիկի` տարածքը ազատելու պահաջով: Երեւի «հոգատար» կազմակերպիչը շատ էր մտահոգված իրեն վստահված գործը լիարժեք կատարելու խնդրով` հետեւաբար տատիկի ներկայությունից ազատվելը վերջինիս համար խիստ կարեւոր էր:
Իհարկե, պետական մակարդակով այս մոտեցումը, որն առաջին անգամ էր այսպիսի զանգվածային եւ հավաքական, ճիշտ տեղին էր: «Տարիների այս հեռվից սումգայիթյան ոճրագործության համար ի՞նչ կասեք» լրագրողի հարցին նախարար Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հանցագործությունն այնպիսին է, որ տարիները կապ չունեն, վայրագություն է տեղի ունեցել, եւ մենք պարտավոր ենք հարգել վայրի բարքերին զոհ գնացածների հիշատակը»: Նախարարը նշեց, թե չի պատկերացնում` այսօր ինչպես կարելի է պատժել ոճրագործության կազմակերպիչներին, պարզապես պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք: 1988 թ. կատարված վայրագությանը միջազգային հանրությանը ծանոթացնելու ուղղությամբ արված աշխատանքները նախարարը բավարար չգնահատեց. «Բավարար կլիներ, եթե միջազգային հանրությունը ճանաչեր»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ