«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


ԼՂՀ-Ն` ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Վերջին ամիսներին ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ակտիվությունը, որի մի արտահայտությունը «կլոր սեղանների» շքերթն է, թերեւս կարելի է բացատրել ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ ունեցած որոշ մտահոգություններով: Համենայն դեպս, փետրվարի 27-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության կազմակերպած «կլոր սեղանի» ժամանակ եւս այս մտահոգությունները նկատելի էին: Իսկ «կլոր սեղանի» թեման ԼՂՀ-իՙ նախկին Ադրբեջանական ԽՍՀ պետականակիր հայության նկատմամբ երաշխավորության հարցն էր:

Բացելով միջոցառումը, կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորեց նմանօրինակ քննարկումների նշանակությունը կարգավորման վերջին զարգացումների համապատկերին:

Զեկուցողըՙ նույն կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանն անդրադարձավ 20-րդ դարասկզբից մինչեւ դարավերջ հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, այդ համատեքստում շեշտադրելով Ղարաբաղի նկատմամբ կիրառված պատմական անարդարությունները: Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի տրամադրումը նվեր չէր Արցախի ժողովրդին, այլ ռազմաքաղաքական պայքարի արդյունք, նշեց զեկուցողը: Նրա համոզմամբՙ Ադրբեջանի այսօրվա անկախությունը լեգիտիմ չէ այն իմաստով, որ 1991-ի գարնանը Ադրբեջանը համախորհրդային հանրաքվեի ժամանակ քվեարկել էր ԽՍՀՄ-ի պահպանման օգտին եւ նույն թվականի օգոստոսին անկախություն հռչակելովՙ խախտել է այն ժամանակ իրավազորություն ունեցող օրենքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: ԼՂՀ-ի հռչակումն իրավազոր էր, ըստ Վ. Աթանեսյանի, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ին էր նվիրաբերվել Խորհրդային Միության իրավատիրույթում գտնվելու պայմանով: Վ. Աթանեսյանը ցավ հայտնեց, որ այս իրողությունները բանակցություններում քննարկման առարկա չեն դառնում: Ինչ մնում է նախկին ադրբեջանաբնակ հայության երաշխավորությունը ստանձնելուն, ապա ԼՂՀ-ն այդ իրավունքն ունի իբրեւ տրոհված երկրի ինքնուրույն սուբյեկտ:

Պաշտպանելով այս տեսակետը, քաղաքագետ Դավիթ Բաբայանը միաժամանակ նշեց, որ 1921 թվականին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր թողնվել հայ եւ մուսուլման հանրությունների խաղաղ գոյակցությունը ապահովելու նպատակով, սակայն հետագա իրադարձությունները ցույց են տվել դրա անհնարինությունը:

Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանի կարծիքովՙ 1988-ին դարձյալ Ղարաբաղի հայկականության պատմաիրավական կռվանները մատուցվել են Կրեմլին, սակայն դա որեւէ արդյունք չի տվել, ուստի կարգավորման լուծումներում անհրաժեշտ է ներգրավել ԼՂՀ այն խավերի դժգոհությունները, որոնք Ադրբեջանի սանձազերծած պատերազմից առավել շատ են տուժել: Ի մասնավորիՙ Հ. Մելքումյանը նկատի ուներ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, փախստականներին եւ այլն: Միջազգային միջնորդ կառույցների մեջ պետք է այն համոզմունքը սերմանել, որ ղարաբաղյան կարգավորման շահագրգռությունները խարսխված են համաժողովրդական ձգտումների, այլ ոչ թե ԼՂՀ հասարակական-քաղաքական ուժերի ամբիցիաների վրա:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Ալեքսանդր Գրիգորյանը գտնում է, որ նախ պետք է հստակեցնել, թե նախկին Ադր. ԽՍՀ-ի հայ ազգաբնակչության եւ առհասարակ փախստականների շահերի երաշխավորության ստանձնումը ինչ կարող է տալ վերջիններիս: Այս հիմամբ նա տեսակետ հայտնեց, որ խնդրի առնչությամբ շատ բան կարող են անել ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանները` ամենից առաջ համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելով դրա համար:

«ՀՅԴ-Շարժում-88» խորհրդարանական դաշինքի ներկայացուցիչ Վիտալի Բալասանյանի կարծիքովՙ աշխարհը պետք է Ադրբեջանը ճանաչի որպես պատերազմը սանձազերծող ու այդ պատերազմում պարտված կողմ: Վ. Բալասանյանը հիշատակեց 1988 թ. փետրվարի 22-ին Աղդամի կողմից հարձակումը հայաբնակ Ասկերան ավանի վրա, որն ըստ էության առաջին ադրբեջանա-ղարաբաղյան լուրջ բախումն էր հակամարտության պատմության ընթացքում: Եթե այն ժամանակ գնահատական տրվեր այս միջադեպին, ապա հազիվ թե լինեին Սումգայիթը, Բաքուն եւ հետագայում` ղարաբաղյան պատերազմը:

Հնչեց նաեւ տեսակետ ղարաբաղյան սփյուռքի ներուժը օգտագործելու մասին, քանի որ տասնյակ հազարավոր արցախցիներ բնակվելով արտերկրում` լուրջ տնտեսաքաղաքական ուժ են ներկայացնում տվյալ երկրում, եւ նրանց ներգրավումը կարող է մեծապես նպաստել այս կարգի խնդիրների լուծմանը:

Ամփոփելով «կլոր սեղանը», ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ թեման չպիտի փակել: Այն ընդամենը սկիզբ է` հետագայում խնդրին գիտականորեն մոտենալու համար: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ կուսակցությունների առաջ քաշած հարցերն անպայման կընդգրկվեն մարտի վերջին կայանալիք խորհրդարանական լսումների օրակարգում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4