Քաղաքական երկխոսությունը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ընդունելի միջոցը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը: Նա նշել է նաեւ, որ որեւէ այլ որոշում անհամատեղելի է ԵԱՀԿ արժեքների եւ պարտականությունների հետ: «Եթե որեւէ ձեւի համաձայնություն ձեռք բերվի հիմնական սկզբունքների կապակցությամբ, ԵԱՀԿ-ն պատրաստ է էական ներդրում ունենալ այդ համաձայնության իրականացման հարցում: Էլ ավելի շատ աշխատանք է պետք անելՙ ձեռքբերելիք համաձայնությունը վերջնական, լիիրավ, խաղաղ պայմանագիր դարձնելու համար: Ես կարող եմ խոստանալ, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է հնարավոր օգնություն ցուցաբերել այդ գործընթացին»:
Հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղաբաշխման անհրաժեշտության կապակցությամբ Կարել դե Գուխտը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել համաձայնությունը կատարելու, այդ թվում խաղաղապահ ուժերի ստեղծման կամ տնտեսական եւ էկոլոգիական համաձայնություններին աջակցելու գործում, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով:
Դե Գուխտը չի պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ բավարարված կամ չբավարարված լինելուն: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է միայն, որ ամեն ինչ կարվի խաղաղ գործընթացի առաջընթացի համար: «Ես պատրաստ եմ իմ ողջ ուշադրությունը տրամադրել այդ գործընթացին»:
Առանձնակի, Ադրբեջանում մայիսի 13-ին Միլի մեջլիսի վերընտրությունների մոնիտորինգի առնչությամբ Կարել դե Գուխտը հիշեցրել է, որ ԵԱՀԿ անդամ երկրներին դիտորդական առաքելությամբ հանդես գալու հրավերը նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների ժամանակ հենց Ադրբեջանի կողմից վավեր է համարվում նաեւ մայիսի 13-ի վերընտրությունների համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ