«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՆԽՈՒՄ»` ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Ցեղասպանության հարցով զբաղվող գիտնականների միջազգային ասոցիացիան (ՑԳՄԱ) եւ ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը (ՑՄԻՈւՄԻ), համագործակցելով Տորոնտոյի համալսարանի հրատարակչության հետ, պաշտոնապես հայտնում են, որ հիմնել են մի նոր միջազգային մակարդակի ակադեմիական պարբերական, որը ՑԳՄԱ-ի ուսումնասիրությունների օրգանը լինելով կրելու է «ցեղասպանությունների ուսումնասիրություններ եւ կանխում» անվանումը (ՑՈւԿ), տեղեկացնում է «Զորյան» ինստիտուտից (Կանադա) ստացված հաղորդագրությունը:

Պարբերականի առաքելությունն է լինելու հասկանալ ցեղասպանություն կոչված երեւույթը, բարձրացնել մարդկանց գիտակցությունը այդ հարցի վերաբերյալ եւ խրախուսել դրա կանխմանը նպատակաուղղված բոլոր միջոցները: Տպագրվելու են հիմնականում համեմատական ուսումնասիրություններ «Ցեղասպանությունների դար» անվանումով պատմության մեջ մտած քսաներորդ դարում Օսմանյան Թուրքիայում, Նամիբիայում, Կամբոջայում, Ռուանդայում եւ այլուր կատարված ցեղասպանությունների մասին, որոնց զոհ է գնացել, ըստ որոշ պատմաբանների ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիոն մարդ:

Պարբերականի խմբագրական կազմում ընդգրկված են քրեական արդարադատության պրոֆ. Ալեքս Ալվարեզը (Հյուսիսային Արիզոնա համալսարանից), քաղաքական գիտությունների պրոֆ. Հերբերտ Հիրշը (Վիրջինիա Քոմնուելս համալսարանից), սոցիոլոգիայի պրոֆ. Էրիկ Մարքուսենը (Մինեսոտա համալսարանից) եւ միջնակարգ կրթության ուսումնական ծրագրերի բաժնի պրոֆ. Սամուել Թոթենը (Առկանզասի համալսարանից): Ավելացնենք, որ ՑԳՄԱ-ն հիմնվել է 1994-ին առավել խորը ուսումնասիրելու մարդու իրավունքների խախտումների եւ ցեղասպանությունների միջեւ եղած կապը: Ասոցիացիան հանդիպում է երկու տարին մեկ: Անդամակցությունը բաց է բոլորի առաջ: ՑՄԻՈւՄԻ-ն «Զորյան» ինստիտուտի մի բաժինն է, որի գործունեությունը նպատակաուղղված է գիտնականների նոր սերունդ պատրաստելուն: Իսկ Տորոնտոյի համալսարանի հրատարակչությունը Կանադայի ամենամեծ եւ ամենաճանաչված գիտական հրատարակչությունն է, հիմնված 1901-ին, որը տարեկան լույս է ընծայում 150 ակադեմիական մակարդակի լուրջ ուսումնասիրություններ եւ 35 պարբերականներ քաղաքագիտության, տնտեսագիտության, փիլիսոփայության, իրավագիտության, պատմագիտության եւ արվեստաբանության բնագավառներում:

Նոր պարբերականով հետաքրքրվողները կարող են հավելյալ տեղեկություններ ստանալ այցելելով «gspjrnl@yahoo.com» կայքէջը:

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4