«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


ՄԱՀՄՈՒԴ ԴԱՐՎԻՇ. «ԱՐԱԲՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԶԳՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ»

Արաբա-մահմեդական աշխարհում իսլամիզմն անխուսափելի է

Պաղեստինցի նշանավոր բանաստեղծ Մահմուդ Դարվիշը չի խորշում քաղաքական հարցերի քննարկումից: Ավելին, նա կարծում է, թե երրորդ աշխարհի ամեն մի բանաստեղծ կամ արձակագիր պարտավոր է զբաղվել հասարակական եւ քաղաքական խնդիրներով: «Հակառակ դեպքում նա սրիկա է», պնդում է Դարվիշը:

Փարիզի «Մոնդ» թերթին տված ծավալուն հարցազրույցում նա անդրադառնում է օրախնդիր մի շարք հարցերի` Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներից մինչեւ «Համասի» հաղթանակը: Դարվիշը պնդում է, որ Պաղեստինի ընտրություններում «Համաս» արմատական խմբավորման հաջողությունն արաբա-մահմեդական աշխարհում իսլամիստների ազդեցության ընդհանուր աճի դրսեւորումներից մեկն է:

«Քաղաքական իսլամի ծավալման օվկիանոսում Պաղեստինը չի կարող կղզի լինել: Եթե արաբա-մահմեդական աշխարհում անցկացվեին ազատ ընտրություններ, ապա իսլամիստներն ամենուրեք հաղթանակ կտանեին», ընդգծում է պաղեստինցի բանաստեղծը: Նրա խոսքերով, արաբական աշխարհը խորությամբ զգում է տիրող անարդարությունը, որի համար մեղավոր է համարում Արեւմուտքին:

Վերջինս պատասխանում է յուրօրինակ կայսերական «արմատականությամբ», որն էլ ավելի է խորացնում անարդարության զգացողությունը: Դարվիշի խոսքերով, տվյալ դեպքում խոսքն ինքնության վիրավորման մասին է: Ամերիկացիների «համընդհանուր բռնակալության» եւ տեղական բռնակալների դեմ-հանդիման արաբներն ու մահմեդականներն այլեւս չեն տեսնում իրենց տեղը:

Բացի դրանից, էկրաններին ցուցադրվող հարստությունը համեմատելով իրենց թշվառության հետ` նրանք «իրենց զգում են պատմությունից արտաքսված»: Դրա հետեւանքով իսլամական աշխարհը կենտրոնանում է իր պատմական արժեքների վրա, հայացքը հառում անցյալին: Կողմնորոշիչներ այլեւս չկան: Ազգայնականությունը, սոցիալիզմը, կոմունիզմը ձախողում են կրել: Իրավունքի գերակայությունն անգամ չի կարեւորվում, քանզի արաբա-իսլամական տարածքում միջազգային իրավունքն արժեք չունի: Իսրայելը վաղուց անտեսում է այդ իրավունքը եւ չի պատժվում:

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, այն ենթադրում է բազմակարծություն, բարդություն: Մինչդեռ մարդկանց պարզ լուծումներ են պետք, որոնք առկա են կրոնի մեջ: Դարվիշը կարծում է, որ արաբական ոչ մի երկիր չի խուսափի իսլամիզմից: Այսօր թե՛ արաբական աշխարհում եւ թե՛ Ամերիկայում ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ իրենց հուզող հարցերի պատասխանները փնտրում են կրոնի մեջ:

Եվրոպական մի շարք թերթերում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը խենթություն անվանելով` Դարվիշն ընդգծում է, որ փաթաթոցի փոխարեն գլխին ռումբ կրող Մուհամմեդի նկարը վիրավորանք է: «Հարկավոր է պաշտպանել մամուլի ազատությունը, բայց ոչ թե վիրավորելու իրավունքը», շեշտում է նա: Հակառասիստական օրենքների շրջանակներում անհրաժեշտ է հարգել Մուհամմեդ մարգարեի պատկերման վրա իսլամի սահմանած արգելքը:

Միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ արաբների եւ մահմեդականների հանրային կարծիքը որեւէ տարբերություն չի տեսնում ժողովուրդների եւ նրանց կառավարությունների միջեւ: Իսլամական աշխարհն ամեն ինչ ընդհանրացնում է: Դարվիշի խոսքերով, ծաղրանկարի պատճառով դեսպանատներ հրկիզելը խելահեղություն է, որը մի օր վերջ կգտնի: Բայց ներկայումս իշխում են ծայրահեղական ուժերը:

Դժվար է ասել, թե երբ կավարտվի դրանց գերիշխանությունը: Ժամանակին մարդկության կեսը հավատում էր սոցիալիզմին: Ո՞վ կարող էր երեւակայել, որ յոթ տասնամյակ գոյատեւած «պայծառ ապագան» հօդս կցնդի մեկ օրում: «Արաբա-իսլամական աշխարհն այսօր ենթակա է իսլամիզմի արագ ծավալմանը եւ շատ թանկ է վճարելու պատմական այս փուլի դիմաց», ընդգծում է պաղեստինցի բանաստեղծը:

Ամենուրեք գերիշխում են հուսախաբությունն ու զայրույթը: Օգտվելով իրավիճակիցՙ իսլամիստ արմատականներն ուժեղացնում են իրենց ազդեցությունը: Իսկ Արեւմուտքում առհասարակ գաղափար չունեն, թե ինչ է քաղաքական իսլամը: Գոյություն ունեն տարատեսակ իսլամիստներ: Օրինակ, սալաֆիստները եւ «Համասն» իրարից շատ տարբեր են: «Համասն» առաջին հերթին ազգայնական շարժում է, որի հիմքը կրոնական աշխարհընկալումն է: Բայց Արեւմուտքը եւս հակված է ընդհանրացնելու քաղաքական իսլամը:

Պաղեստինում «Համասը» հաղթեց ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ: Պաղեստինյան հասարակության քաղաքական բարքերի առումով սա դրական երեւույթ է: Տարածաշրջանում Իսրայելն ստեղծել էր Պաղեստինյան ինքնավարության «անօրինականացման» մթնոլորտ, ինչը զգալի չափով նպաստեց «Համասի» հաղթանակին: Անտանելի կենսապայմաններից դժգոհ պաղեստինցիները փնտրում էին նոր ուղի եւ քվեարկեցին «Համասի» օգտին:

Միեւնույն ժամանակ Դարվիշը չի թաքցնում իր մտահոգությունն այն կապակցությամբ, որ «Համասի» ղեկավարներն ուզում են պաղեստինյան հասարակությունը «վերաձեւել իսլամի հիմքի վրա»: Սա բազմակարծության եւ աշխարհիկության ջատագովներին երկյուղ է ներշնչում պաղեստինցի կանանց եւ երիտասարդների իրավունքների, անհատի ազատությունների կապակցությամբ, չխոսելով արդեն քրիստոնյա փոքրամասնության իրավունքների մասին:

Խոսելով սիոնիզմի մասին, Դարվիշն ընդգծում է, որ հրեական այդ ուսմունքն ի սկզբանե փորձել է շրջանցել տարածքի իրողությունը, որդեգրելով «Անժողովուրդ երկիր անհող ժողովրդի համար» սխալ կարգախոսը: Տվյալ տարածքում ժողովուրդ էր ապրում, բայց սիոնիստները ձեւացրին, թե նա չկա կամ կարեւոր չէ: Այսօր էլ գործում են նույն ոգով:

Տասնամյակներ շարունակ իսրայելցիները ժխտում էին պաղեստինցիների ազգային շարժման գոյությունը, ասելով, թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը լոկ «ահաբեկչական կազմակերպություն» է: Ի վերջո նրանք ստիպված եղան ճանաչել ՊԱԿ-ը: Իսկ այսօր Իսրայելը հրաժարվում է բանակցել Պաղեստինի ընտրություններում հաղթած «Համասի» հետ: Դարվիշը կարծում է, որ իսրայելցիներն ի վերջո ստիպված կլինեն բանակցել նաեւ «Համասի» հետ, քանզի բանակցությունից հրաժարվելը նշանակում է ժխտել ազատ ընտրությունների արդյունքը: Դա անիմաստ է: Վերջին հաշվով իրականությունը միշտ ավելի ուժեղ է, քան ժխտողականությունը:

Պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4