ԲԱՔՈՒ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի Ճապոնիայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Թրենդ» գործակալությունը, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Տադահիրո Աբեն: Նա ասել է, որ այցը կկայանա իր երկրի կառավարության հրավերով: Ծրագրված են Ադրբեջանի նախագահի հանդիպումները Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, ինչպես նաեւ վարչապետ Ձյունիտիրո Կոյիձումիի եւ արտաքին գործերի նախարար Տարո Ասոյի հետ: Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, միջազգային իրադրությանը, տնտեսական նախագծերի իրացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը: Ինչպես նշել է դեսպանը, Ճապոնիայի կառավարությունը հուսով է, որ այդ այցը ազդակ կհաղորդի բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են տնտեսական ու քաղաքական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը: