Հրավերք ենք արելՙ առանց նրանց ուտել-խմել չի՞ լինի
Երեւանում պիցցանՙ շահ, խորովածըՙ սուլթան, խնջույքի սրահն էլ «Ամիրա պալաս» չլինիՙ կյանքներս երեւի ծուռ կընթանա, ոգիներս էլ, Աստված չանի, հանկարծ կօտարանա: Հավանականությունն այնքան էլ փոքր չէ: Տեր չենք կանգնում մեր ունեցած-չունեցածին, դա էլ քիչ էՙ հրաժարվում ենք ու տեղն առանց առանձնակի ընտրության լցնում ինչով պատահի: Բայց ակնհայտ է ինքներս մեզանից հրաժարվելու մշակույթին հար եւ միշտ տեր լինելու մեր ձգտումը: Ու այս ձգտման մեջ ամենեւին չենք թերանում: Վերցնում ենք ինչ պատահի, ումից պատահի, օգտագործումՙ որտեղ պատահի: Հընթացս ամենայն հանգստությամբ հրաժարվում ենք մեր սեփականությունից, որ հաստատ ոչնչով պակաս չէ: Հետ էլ չենք նայում, տեսնենք ինչը քանդելու հիմքը գցեցինք: Առաջ նայելիս էլ միայն հաջորդ պահի ապահովությունն ենք կարեւորում ու այդ շրջանակում սահմանափակում հեռատեսությունն ու շրջահայացությունը: Սրա բացատրությունն էլ ունենքՙ ժամանակի պահանջ-ազդեցությունն է: Բարեբախտաբար որեւէ փոփոխման չի ենթարկվում եւ սեզոնից սեզոն բարձրաձայնվում է. «Խաշ, խորոված, խաշլամա ուտող ազգ ենք» ինքնաբնորոշումը:
Իսկի էլ վատ չէ, համախմբվելու մշակույթը թեկուզ խաշ, խորովածի շուրջը չենք օտարել մեզանից: Բայց առանց անհարիր նորամուծությունների այստեղ էլ չդիմացանք ու խորովածը կոչեցինք իքի-բիր (երկու-մեկ), սուլթան (միապետ)... Իհարկե, ճաշակին ընկեր չկա, եւ քիմքի ընտրությանն էլ չես ընդդիմանա, հատկապես որ ուտեստը համեղ է, բայց մտայնությունը, թե սուլթան կոչված խորովածը չի կարող լավագույնը եւ այցելուին գայթակղելու միջոց չլինել, անընդունելի է: Նախ իրենքՙ երբեմնի սուլթանատեր երկրները համանուն խորոված չունեն, երկրորդՙ քանի՞ հայաստանաբնակի մտքում սուլթան բառի կողքին անմիջապես չի հայտնվում Համիդ անունը: Եվ ուրեմն ինչու ուտեստը կոչել այդ անունով եւ դրանով էլ չբավարարվել ու այսպես կոչված օբյեկտն էլ հենց այդպես «Սուլթան խորոված» կոչել: Կարելի է կարծելՙ ոչ հայոց լեզուն, ոչ էլ կենցաղավարությունը այլընտրանք չեն տալիս: Փառք Աստծո, որեւէ ժամանակի ազդեցությունից զերծ մի գնահատական էլ ունենք. «Հայոց լեզուն բազմաշերտ է ու հարուստ»: Սա անհերքելի փաստ է ոչ միայն մեզՙ հայերիս համար:
Բայց հայոց գրերի հեղինակի անունը կրող գլխավոր պողոտայով թե գլուխդ կախած չքայլեսՙ տպավորություն կստեղծվի, որ քայլում ես այլ դավանանքի ու պետական կառույցի երկրում: Սրա եւ մեր ազգի համընդհանուր եղած-չեղած ոչ բարեստեղծ հատկանիշների բացատրությունը հենց չենք ալարում, դարերով պետականություն չունենալն ենք համարում: Բացատրում ենք ու հանգիստ խղճով, առանց առանձնապես գիտակցելու կամ գոնե թեթեւ ընտրության, դես ու դենից փոխառում ենք չգիտես ինչ հաշվարկներով պետքական համարվողը:
Երբվանից է ողջ պատմության ընթացքում մեր պետականությանը սպառնացած այլ պետական համակարգի աստիճանավորումն արտահայտող բառապաշարը դարձել մեզ համար այնքան կարեւորվող արժեք, որ տեղ գտնի կենցաղում, իսկ ուղինՙ կենցաղից մտածողություն համարյա սահմանազատված չէ: Այնպես որ, հազիվ թե պատրվակ գտնենք, որը միանգամայն օրինաչափ դարձնի Երեւանում պիցցանՙ շահ, խորովածըՙ սուլթան, խնջույքի սրահը «Ամիրա պալաս» կոչելու փաստը:
Ի վերջո եթե հայկական միջավայրն ամբողջացնող եւ նոր ոչ մի անվանում հնարավոր չէ գտնել սեփական օբյեկտի համար, ապա կարելի է ոչ հեռու անցյալից փոխառել: Ոչ պակաս հաջողությամբ գործում էին «Արգիշտի», «Անահիտ», «Ուրարտու», «Փարոս», «Կարապ», «Արագիլ», «Զեփյուռ», «Արեւիկ»... անվանումներով զանազան օբյեկտներ: Այնպես որ, ցանկության դեպքում հնարավոր է չչարաշահել նաեւ Տիգրան Մեծի անունն ամեն արժան-չարժան տեղում օգտագործելով: Եվ հաստատ լիովին հնարավոր է, անգամ անհրաժեշտ, համաշխարհային մշակույթին առնչվել: Սակայն Օսմանյան կայսրության արյունարբու միապետի եւ այդ երկրի պետականությունը կրողների անունները հայոց մայրաքաղաքի թեկուզ մեկ-երկու զվարճավայրի անվանում դարձնելը հաստատապես մերժելի է եւ մշակույթի հետ վստահաբար որեւէ աղերս չունի:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ