«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


19 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ, ԻՍԿ ԱՂՔԱՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸՙ 35 ՏՈԿՈՍ

Ներկայացվեցին 2004 թ.-ին իրականացրած հետազոտության արդյունքները

Ազգային վիճակագրական ծառայության եւ Համաշխարհային բանկի համատեղ իրականացրածՙ Հայաստանում աղքատության ուսումնասիրության արդյունքները երեկ ներկայացրին այս կառույցների պատասխանատուներն ու փորձագետները:

Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտության բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան հայտնեց, որ 2004 թ.-ին անցկացրած հետազոտության համաձայն, աղքատության պարենային գծի փաստագրված արժեքը կազմել է 12 հազար դրամ 1 չափահաս անձի համար, 1999 թ.-ի 7 հազար դրամի դիմաց, իսկ աղքատության ընդհանուր գիծը 19 հազար դրամՙ 6 տարի առաջ եղած 12 հազար դրամի փոխարեն: Տեղեկացվեց, որ նախկին 1 շնչի փոխարեն հաշվարկը կատարվել է 1 չափահաս անձի ցուցանիշով եւ բացի պարենային եւ ոչ պարենային ապրանքներից, զամբյուղում ընդգրկվել է երկարաժամկետ օգտագործման իրեր ունենալու հանգամանքը: Նախկինում ընդունվող օրական մեկ շնչին անհրաժեշտ 2100 կկալ փոխարեն այժմ հիմք է ընդունվել 2232 կկալը:

Ըստ նոր ուսումնասիրության տվյալների, Հայաստանում աղքատ են համարվել բնակչության 34,6 տոկոսը 1999 թ.-իՙ 56 տոկոսի փոխարեն: Ծայրահեղ աղքատությունը կրճատվել է 1999 թ.-ի 21 տոկոսից հասնելով 6,4 տոկոսի: Այդուհանդերձ, նշվեց, որ աղքատությունը շարունակում է մնալ մեր երկրի համար լուրջ հիմնախնդիր, քանի որ մոտ 1 մլն մարդ շարունակում է մնալ աղքատ, իսկ 200 հազարըՙ ծայրահեղ աղքատ: Դիանա Մարտիրոսովան նշեց, որ աղքատությունն առավել արագ նվազել է Երեւանում, այնուհետեւ գյուղերում եւ վերջում, այսինքն, ամենանվազ չափովՙ մյուս քաղաքներում: Հետազոտությունն ընդգրկել է 6816 տնային տնտեսություն Երեւանից եւ Հայաստանի մյուս բնակավայրերից: Աղքատության ցուցանիշով ամենավատ վիճակում գտնվում է Շիրակի մարզը, որտեղ աղքատ է բնակչության 50 տոկոսը, իսկ ամենաբարվոքը Երեւանի եւ Վայոց Ձորի մարզի պատկերն էՙ մոտ 29 տոկոս:

Բնակչության սոցիալական բեւեռացումը ցույց տվող Ջինի գործակիցը հետեւյալն է եղելՙ ըստ եկամուտների 1999 թ.-ի 0,597 դիմաց 2004 թ.-ին կազմել է 0,395: Հիշեցնենք, որ այս գործակիցը որքան մոտ է 0-ին, այնքան բեւեռացումը մեղմ է, եւ եթե այդ ցուցանիշը մոտ է 1-ին, ապա բեւեռացումը մեծ է: Վերոնշյալ ցուցանիշներից ելնելով, սոցիալական բեւեռացումը մեզ մոտ նվազել է, սակայն, ինչպես նշեց ելույթ ունեցողը, այն դեռեւս բարձր է մնում:

Ոչ նյութական աղքատությանՙ նույն 2004 թ.-ին անցկացրած ուսումնասիրությունը ներկայացրեց Համաշխարհային բանկի փորձագետ Հասմիկ Ղուկասյանը: Այս ոլորտն ընդգրկում է կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների մատչելիությանը եւ բնակարանային պայմաններին առնչվող խնդիրները: Փորձագետը հայտնեց, որ, օրինակ, տարրական եւ միջնակարգ կրթությունից օգտվում են բնակչության բոլոր խավերը, իսկ բարձրագույն կրթությունից օգտվում է աղքատների ընդամենը 14-15 տոկոսը: Հետաքրքրական էր ընտանեկան նպաստների արդյունավետության ցուցանիշը: Ուսումնասիրության արդյունքներով ընտանեկան նպաստների 60 տոկոսն իսկապես ուղղվել է աղքատ բնակչությանը, ինչը, որքան էլ զարմանալի էր, ելույթ ունեցողը մեր երկրի համար բնութագրեց որպես լավ ցուցանիշ: Այդուհանդերձ, նա նշեց, որ դեռեւս արդյունավետության բարձրացման տեղ կա:

«Ազգի» հարցը (որը բազմիցս ուղղել ենք մյուս բարձրաստիճան պաշտոնյաներինՙ վարչապետից ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարից մինչեւ նախարարության վարչության պետ), ուղղված ուսումնասիրության հեղինակներին եւ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին, հետեւյալն էր. «Ինչո՞ւ աղքատության սահմանագիծը սահմանելիս հիմք է ընդունվում աղքատության փաստացի վիճակը, այլ ոչ թե բժիշկների եւ դիետոլոգների կողմից դեռ 1999 թ.-ից սահմանված նվազագույն սպառողական զամբյուղի չափը, որի արժեքը կազմում էր 26 հազար դրամ մեկ շնչին: Արդյոք կառավարության մտավախությունն այն չէ՞, որ այդ դեպքում աղքատությունը կկազմի ոչ թե 35, այլ 55 կամ 65 տոկոս»:

Մեր հարցին պատասխանողներից եւ իրենց մոտեցումը պնդելու ցանկություն ունեցողներից թերեւս ամենաանկեղծը Ստեփան Մնացականյանն էր: Նա հայտնեց, որ օրենքով ազգային վիճակագրական ծառայությանը վերապահվել է աղքատության որոշման այս լիազորությունները, ինչն էլ իրենք իրականացնում են: Ազգային վիճծառայության ղեկավարը նաեւ ընդունեց, որ կա մեկ այլ մոտեցում, ըստ որի պետք է բժիշկները որոշեն նվազագույն սպառողական զամբյուղի չափը, եւ որ դա հիմք ընդունելու դեպքում աղքատության ցուցանիշը կարող է փոխվել:

Առավել հստակություն այս հարցում մտցրեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ ՀԲ-ի առաջարկած մեթոդաբանության համաձայն, կատարվել է «հիմնական կարիքների» հետազոտություն, իսկ զամբյուղները կարող են տարբեր լինել: Այս կապակցությամբ կցանկանայինք նշել, որ ՀՀ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» մեջ տրված է աղքատությանՙ ՀԲ տված սահմանումը, եւ դա ամենեւին էլ «հիմնական կարիքների զամբյուղը» չէ, իսկ կառավարությունն ամենեւին էլ իրական աղքատությունը չի հաղթահարում, այլ պարզապես ձգտում է ապահովել վերոնշյալ «հիմնական կարիքները»: Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ են մեր իշխանություններն անընդհատ խոսում աղքատության հաղթահարման մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4