«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Սակայն որքա՞ն ...

Այսպիսով, գազի սակագների սպասվող թանկացումն այլեւս փաստ է: Այլ հարց է, թե որքանով կթանկանա այս կենսական ռեսուրսը: Համենայն դեպս, «Հայռուսգազարդ» ընկերությունն արդեն դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազամատակարարման եւ գազափոխադրման սակագների վերանայման խնդրանքով: Դատելով այդ հայտից, «Հայռուսգազարդն» առաջարկել է ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող բաժանորդներին, այսինքն, բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագինը սպառված յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց գործող 59 հազար դրամի փոխարեն սակագին սահմանել 108 հազար դրամը: Փաստորեն, ընկերությունն առաջարկում է ներկայումս գործող սակագնից կրկնակի ավելի բարձր գին:

Ելնելով վերոնշյալ հայտից, կարելի՞ է ենթադրել, որ, այնուամենայնիվ, 1000 խմ-ի դիմաց 110 դոլար սակագինը փաստ է: Մեր այս հարցին «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ ներկայումս բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ չեն ավարտվել եւ քննարկվում է գազի սակագնի բարձրացման դեպքում Հայաստանին որեւէ կերպ փոխհատուցելու հարցը: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ընկերությունը դիմել է հանձնաժողովին, քանի որ ներքին շուկայում գազի սակագների փոփոխման գործընթացը որոշակի ժամանակահատված է պահանջում: «Հայռուսգազարդի» մամուլի քարտուղարը հայտնեց նաեւ, որ Ռուսաստանից մատակարարվող գազի սակագների վերջնական հաստատումից հետո հնարավոր է, որ փոփոխություններ լինեն նաեւ հանձնաժողովին ներկայացրած սակագնային առաջարկի մեջ:

Այդուհանդերձ, 1000 խմ դիմաց 110 դոլար սակագնի սահմանումը հավանական է թվում ոչ միայն այն պատճառով, որ ռուսական կողմն ի սկզբանե հայտարարել է Անդրկովկասի բոլոր երեք երկրներին մատակարարվող գազի այս սակագնի մասին, եւ որ գազի գների ազատականացումը Ռուսաստանիՙ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու պայմաններից է, այլեւ այն պատճառով, որ մշտապես խոսվում է Հայաստանին փոխհատուցելու տարբերակների, այլ ոչ թե սակագնի փոփոխությունների հնարավորության մասին:

Բնակչությանը հուզող հիմնական խնդիրն այն է, թե կթանկանա՞ եւ որքանո՞վ կթանկանա իրենց կողմից սպառվող գազը: Չնայած «Հայռուսգազարդն» առաջարկել է գազի սակագնի կրկնակի բարձրացում, բայց չի բացառել դրանում փոփոխությունների կատարումը: Եվ, ի վերջո, այդ սակագները հաստատվում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որը, որպես կանոն, սահմանում է ավելի ցածր սակագներ, քան առաջարկում են հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4