Ըստ Ֆլորա Նախշքարյանի, դուրս են մնում ազգային խնդիրները
Եթե անգամ բացեք այսօրվա թերթերը, նայեք էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումները, ապա ասվածի 85-90 տոկոսը վերաբերում է երկրի ներքին քաղաքականությանը: Իսկ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքից դուրս, մեծ մասամբ մատնված է անուշադրության: «Փակագիծ» ակումբում երեկ նման կարծիք հայտնեց «Գոլոս Արմենիի» թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը:
Ըստ Ֆլորա Նախշքարյանի, ներկայումս մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզին նայելն իսկ բավարար է հասկանալու, որ Հայաստանը իր հարեւանների հետ բազմաթիվ խնդիրներ ունի: «Փակագծի» հյուրը բերեց մեկ օրինակ, իսկ ավելի կոնկրետ «Գոլոս Արմենիի»-ի խմբագիրը խոսեց Թուրքիայի այսպես կոչված «Մեծ նախագիծ-2006»-ի մասին: «Ազգը» անդրադարձել է այդ նախագծին այս տարի արդեն մի քանի անգամ, եւ չնայած ընդհանուր առմամբ տեղեկության սղությանը` որոշ մանրամասներ ներկայացված են «Ազգի» փետրվարի 2-ի համարում:
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության սուտն ըստ հայկական փաստաթղթերի. Մեծ նախագիծ-2006» թուրքական նախաձեռնությունը, «Ազգի» հրապարակման մեջ արտահայտված կարծիքի համաձայն, պետական առաջադրանք է, որի իրագործմանն ակտիվորեն մասնակցում են պետական կառույցների, խորհրդարանական հանձնաժողովների եւ կուսակցությունների, հասարակական, գիտական, լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ միայն Թուրքիայից:
Հիշատակված այս նախագծի շրջանակներում նախատեսվում է միջոցառումների շարք «Թալեաթ փաշայի արշավ» խորագրով, որոնք կանցկացվեն մարտի 15-19-ը Բեռլինում հենց այն փողոցից, որտեղ Սողոմոն Թեհլերյանի ձեռքով ի կատար ածվեց Թալեաթի մահապատիժը: Այս ամենը մատուցվում է որպես ոչ թե հայերի հանդեպ թշնամանք սերմանելու նպատակ ունեցող նախաձեռնություն, այլ փորձ հայերի դրսից հրահրված թշնամանքը Թուրքիայի հանդեպ բարեկամության վերածելու:
Այս ամենի կողքին ի՞նչ են անում Հայաստանը, հայկական պետությունը, պետական ու ոչ պետական կառույցները, ի՞նչ են անում հայկական լրատվամիջոցները: Այս հարցերը տիկին Նախշքարյանն ուղղեց բոլորին: «Մի քանի թերթեր փաստեցին այդ նախագծի գոյությունը, բայց ոչ ոք ավելի հեռու չգնաց»: Մինչդեռ սա ազգային նշանակության խնդիր է, որ պետք է լինի ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից էլ պիտի մտածելՙ ինչպես անել, որ պետությունը եւս անտարբեր չմնա նման հարցերի առնչությամբ: Ճիշտ կլիներ, ըստ տիկին Նախշքարյանի, եթե Հայաստանի ԱԳՆ-ն մշակեր այդ հարցի վերաբերյալ ինչ-որ հայեցակարգ: «Բայց մենք չգիտես ինչու որեւէ տեղեկություն չենք ստանում մեր դեսպանների աշխատանքի, այսօրվա մարտահրավերներին արտգործնախարարության պատասխան գործողությունների մասին: Երբեմն-երբեմն արտգործնախարարությունից ստանում ենք ինչ-որ հայտարարություններ ինչ-որ տեղ արված հայտարարության մասին ու վերջ»:
Դեռ 10 տարի առաջ ոչ մի թուրքական կամ ադրբեջանական թեկուզ մասնավոր նախաձեռնություն չէր կարող դուրս գալ միջազգային ասպարեզ եւ լկտիաբար հայտարարել, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ոչ մի խաչքար չի եղել: Ըստ տիկին Նախշքարյանի, ակնհայտ է, որ մեր պետական կառույցները չնկատեցին այն պահը, երբ այդ քողարկվածության փուլը փոխվեց, Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին ոչինչ չթաքցնել, հանդես գալ ոչ թե պատմության անիմաստ աղավաղմամբ գրվածքներով, այլ բացարձակապես ուրիշ խնդիր դրեցին. կարելի է պայքարել թեկուզ պատմական փաստերի դեմ` «Ոչ հայկական ստին» կարգախոսով: Իսկ մենք ոչինչ չենք անում, ինչո՞վ են զբաղված մեր պետական այրերը, մտավորականությունը, իսկ եթե մոտենաս ու հարցնես, ոչ ոք ոչինչ չի ասի: Ոչինչ չենք անի, ու հետո մեր պատմաբանները դեղնած ինչ-որ էջեր մեջտեղ կբերեն ու կխոսեն պատմական փաստերից:
Կոնկրետ ԶԼՄ-ների առնչությամբ Ֆլորա Նախշքարյանը նշեց, որ տպաքանակները չնչին են, անգամ ծիծաղելի, եւ եթե հաշվի առնենք, որ լրատվամիջոցների 2/3-ը չի անդրադառնում այս հարցերին, իսկ որոշ լրատվամիջոցներ էլ ծաղրանքով են վերաբերվում, տպավորություն է, թե մեր խնդիրները թողել ենք անցյալում, մինչդեռ այս հարցերը այժմեական են: Դրա փոխարեն խոսվում է իշխանական ինչ-ինչ հարաբերություններից, այստեղ-այնտեղ ինչ-որ կուսակցության մյուսի հասցեին ասվածներից, մինչդեռ դրանք այնքան մանր են ազգային խնդիրների համեմատությամբ:
«Ի դեպ, մեր կուսակցություններն էլ նման են մեր լրատվամիջոցներին, դրանք էլ փոքր են: Բայց կարծում եմ, ե՛ւ մեր կուսակցությունները, ե՛ւ լրատվամիջոցները պիտի հասկանան, որ ներկա իրողությունների պարագայում մենք պիտի իրագործենք համախմբված դիրքորոշում»: Եվ որպես հավելում այս ամենին տիկին Նախշքարյանը կողմ է մամուլի եւ տեղեկատվության որեւէ գերատեսչություն ունենալուն, քանի որ կան ամբողջ հայությանը վերաբերող հարցեր:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ