«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


ՍԱՐՅԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

«Սարյանի թատրոնը»

Մարտիրոս Սարյանի ծննդյան օրըՙ երեկ, փետրվարի 28-ին Ազգային պատկերասրահի բակում (որի հիմնադրման ակունքներում էր կանգնած հայ կերպարվեստի մեծագույն վարպետը) տեղադրվեց իր կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ղուկաս Չուբարյանը արձանի աշխատանքները սկսել է շատ տարիներ առաջ, երբ վարպետը դեռ ողջ էր:

Այս տարին ազգային պատկերասրահի համար հոբելյանական է, որի 85-ամյակի օրերը սկսվեցին Սարյանի կիսանդրու բացման արարողությամբՙ մշակույթի նախար Գ. Գեւորգյանի, պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանի, մտավորական եւ արվեստասեր հանրության ներկայությամբ:

XX դարի հայ մշակութային կյանքի բոլոր իրողությունները կապված են Սարյանի անվան հետ: Հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակներում նրա հանճարեղ զավակների մուտքը հայրենի հող, խորհրդանշում էր երկիր-հայրենիի վերածննդի սկիզբը, եւ նրա շարունակելիությունը պայմանավորում Սարյանի եւ իր ժամանակակիցների ստեղծագործական հզոր շարժմամբ: Սարյանի ստեղծած Հայաստանն իր տեսիլքների ծնունդն էր, եւ միայն հարազատ երկրին մեծ սիրով փարված արվեստագետը կարող էր այդ մռայլագույն ժամանակներում ունենալ գույների այդպիսի արեւազօծում:

«Դժվար էր գտնել մեկը, որ Մոսկվայում ունենար նման մեծ հաջողություն, սակայն 1915-ին դեղորայքով ճանապարհ ընկներ դեպի Էջմիածինՙ իր անձնական օգնությունը բերելու Վասպուրականից գաղթած հայությանը այդ ահավոր ողբերգության օրերին:

Նախքան Հայաստան գալը Մ. Սարյանն արդեն տեսիլքն ուներ Հայաստանի ապագայի եւ գալիս էր ոչ թե ներկայացնելու իր արվեստը, այլեւ մասնակցելու իր ժողովրդի վերածննդին: Երկիրը ծնունդ է առնում մարդու հոգու մեջ, տեսլապատկերի մեջ:

Այսօրվա մեր սերն ու հիացմունքն առ Սարյանը ոչ թե անձի, այլ մեր ժողովրդի նկատմամբ է, որովհետեւ ազգը ծնում է հանճարներ միայն այն ժամանակ, երբ գտնում է, որ իր դատապարտման եւ ոչնչացման ժամանակն է գալիս: Ճիշտ էր Անատոլ Ֆրանսը, երբ ասում էր. «Այն ժողովուրդը, որ ստեղծագործել գիտի, նրան մահ չի սպառնում», արձանի բացման ժամանակ ասաց սայրանագետ, Սարյանի անձով ու ստեղծագործությամբ ապրող ու հիացող, վարպետի մտերիմըՙ արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

1923 թ. Հայաստանի Հանրապետության առաջին դրամատիկական թատրոնի համար Սարյանն ստեղծում է «Վարագույրը», որով սկսվում է սարյանական նոր խոսքը բեմական նկարչության մեջՙ իր յուրատեսակ գեղագիտությամբ, գունային մթնոլորտով:

Երեկ ազգային պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվեց Սարյանի թատերական նկարչության նմուշները, որը ներկայացրեց Սարյանի թոռնուհինՙ Վարպետի տուն-թանգարանի տնօրենըՙ Ռուզան Սարյանը:

Ստեղծագործության հասուն շրջանում Սարյանն սկսեց զբաղվել թատերական նկարչությամբ: Սարյանի թատերական էսքիզներով առաջին բեմադրությունն իրականացավ 1927 թ. Փարիզում: 1932 թ. Մոսկվայի Ստանիսլավսկու անվ. թատրոնի համար նա ստեղծեց «Ոսկե աքլորիկ» օպերայի 2-րդ գործողության բեմի եւ զգեստների ձեւավորումըՙ պատկերագունային հարազատությամբ ներկայացնելով ռուսական մշակույթիՙ բանաստեղծական եւ երաժշտական մթնոլորտը: Մոսկովյան թատերական կյանքը Սարյանից անբաժան էր, Վախթանգովի թատրոնը Սարյանի մոսկովյան արվեստանոցի հարեւանությամբ էր գտնվում, վարպետը հետեւում էր բոլոր ներկայացումներին, եւ բնականաբար այդ տարիներին էլ կայացել է թատրոնի հետ նրա սերտ համագործակցությունը: Սարյանը կատարել է հայկական մի շարք օպերաների բեմական ձեւավորումներ, որոնց գլուխգործոցն Ալ. Սպենդիարյանի «Ալմաստն» էր, որը 1939 թ. Մոսկվայի «Մեծ թատրոնում» ներկայացվեց հայ արվեստի տասնօրյակի օրերին եւ համարվեց «Մեծ թատրոնի» բեմական հազվագյուտ դեկորացիաներից մեկը:

Սարյանն ստեղծել է նաեւ իրեն ժամանակակից դերասանների դիմանկարային հրաշալի շարք: Այս եւ բեմական նկարչության սարյանական մնացած նմուշներն արխիվներից, ֆոնդերից դուրս գալով, կարող են նպաստել այսօրվա կերպարվեստի այս ժանրի զարգացմանը:

Երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ կառավարական հոբելյանական երեկոՙ նվիրված Մարտիրոս Սարյանի 125-ամյակին: Մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանի խոսքին հետեւեց Սարյանի կյանքի եւ ստեղծագործական ճանապարհի մասին Ռուզան Սարյանի ելույթը: Հոբելյանական համերգը բացվեց Վարպետի որդուՙ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի «Հայաստան» պաննոյի կատարմամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4