Լույս է տեսել Սիլվա Կապուտիկյանի նոր` «Վերջին զանգ» գիրքը («Մուղնի» հրատարակչություն, Երեւան, 2006 թ.), որը տպագրվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հովանավորությամբ: Գրքում ներկայացված են տարբեր ժամանակների, հատկապես 2000 թվականից հետո բանաստեղծուհու հեղինակած հուշերը, հրապարակախոսությունները, հարցազրույցները, բանաստեղծությունները:
Ինչպես միշտ, այս գիրքը եւս ժամանակի, Հայաստանի, հայ ժողովրդի զարկերակի կապուտիկյանական նուրբ զգացողության վկայությունն է, մեր այսօրվա ահագնացող վտանգները եւ ցավը, տագնապը` վաղվա օրվա նկատմամբ: «Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է փրկի իր ժողովրդին, որովհետեւ ամեն օր մեզնից յուրաքանչյուրին փրկում է նա` ժողովուրդը», իր հարցազրույցներից մեկում ասում է Սիլվա Կապուտիկյանը:
Եվ, ահա, այս անգամ, այս գրքով էլ Սիլվա Կապուտիկյանը մեզ փրկելու փորձ է արել:
Կարդացեք այս գիրքը եւ կհասկանաք, որ թեեւ դառը ճշմարտություններ կան այստեղ, այնուամենայնիվ փրկության, մեզ բոլորիս փրկելու միտումով է գրված այն: