Ղազախստանի «Եշիլ Բոգատիրում» հանդես եկող Հայաստանի հավաքականի հարձակվող Արամ Ոսկանյանը կարճատեւ արձակուրդն անցկացրեց Երեւանումՙ հարազատ օջախում: Մարզավիճակը պահպանելու նպատակով նա այստեղ մարզվում էր իր նախկին թիմակիցներիՙ «Միկայի» ֆուտբոլիստների հետ: Օգտվելով առիթից` Արամին հրավիրեցինք հարցազրույցի:
- Արամ, ուրախ եմ քեզ կրկին տեսնելու հարազատ քաղաքում: Ինչպե՞ս են գործերդ:
- Փառք Աստծու, ամեն ինչ նորմալ է: «Եշիլ Բոգատիրի» կազմում նախապատրաստվում եմ նոր մրցաշրջանին: Մարզումները սկսել ենք հունվարի 10-ից: Առաջին երկու շաբաթն ամբողջությամբ նվիրված էր ֆիզիկական որակների վերականգնմանը: Ծանրաբեռնվածությունը մեծ էր. կրոս, մարզագործիքների վրա տարբեր վարժությունների կատարում: Հունվարի 24-ին մեկնեցինք Անթալիաՙ ուսումնամարզական առաջին հավաքի: Այստեղ արդեն ավելի շատ ուշադրություն էր դարձվում գնդակով վարժություններին, արագաուժային որակների բարելավմանը, տեխնիկատակտիկական հմտությունների զարգացմանը: Մարզումներին զուգահեռ ընկերական 5 հանդիպում անցկացրինք: Առաջին խաղում ոչ-ոքի խաղացինք ադրբեջանական թիմի հետ: Ավելորդ կրքեր չբորբոքելու համար մարզիչները որոշեցին ինձ ու Դավիթին այդ խաղում խաղադաշտ չմտցնել: Հաջորդ հանդիպումը ԲԿՄԱ-ի փոխարինողների հետ էր, որոնց պարտվեցինք: Միակ գոլը ես խփեցի: Այնուհետեւ մրցեցինք Մոսկվայի «Սպարտակի» փոխարինողների հետ (2-2), 1-0 հաշվով հաղթեցինք բուլղարական թիմին, իսկ ավարտական խաղն անցկացրինք «Ամկարի» հետ: Այդ խաղերում դարձա գոլային երկու փոխանցման հեղինակ: Դավիթն էլ մեկ գոլ խփեց ու գոլային երկու փոխանցում կատարեց:
Առաջին հավաքը բավական հագեցած ու ծանրաբեռնված ստացվեց, ուստի թիմի ղեկավարությունը որոշեց ֆուտբոլիստներին 10-օրյա արձակուրդ տրամադրել: Ուսումնամարզական երկրորդ հավաքը կրկին նախատեսված է Թուրքիայում, այս անգամ Բելեկ քաղաքում:
- Ընդհանուր մարզավիճակդ ինչպիսի՞ն է:
- Նորմալ: Այս 10 օրը մի փոքր հանգստացա, վերականգնեցի ուժերս, թեեւ մարզավիճակս պահպանելու նպատակով մարզվում էի «Միկայի» հետ: Օգտվելով առիթից` շնորհակալությունս եմ հայտնում ակումբի ղեկավարությանը, թիմի մարզիչներին ինձ աջակցելու համար: Նույնը նաեւ «Փյունիկին», որի կազմում հունվարին մարզվեցի:
- Թիմի առջեւ արդեն կոնկրետ խնդիր դրվե՞լ է:
- Ակումբի նախագահն ու թիմի մարզիչը պետք է հանդիպեին մարզի ղեկավարության հետ եւ քննարկեին այս տարվա բյուջեն: Նախատեսվում է այն 10 տոկոսով ավելացնել: Ըստ բյուջեի չափի էլ կորոշվեն թիմի խնդիրները: Անցյալ տարի նպատակը լավագույն վեցյակում տեղ զբաղեցնելն էր: Գրավեցինք 7-րդ տեղը, 6-րդ տեղի թիմին զիջեցինք միայն գնդակների տարբերությամբ: Այս տարի երեւի թե խնդիր դրվի պայքարել քառյակ մտնելու համար:
- Տեղյակ եմ, որ այս տարի լեգեոնականների թվի նոր սահմանափակում է մտցվել Ղազախստանում: Դա չի՞ անդրադառնա քո եւ Դավիթի հետագա ճակատագրի վրա:
- Անցյալ տարի թույլատրվում էր թիմում ընդհանուր առմամբ 7 լեգեոնական ընդգրկել, որոնցից 5-ն իրավունք ունեին հայտավորվելու տվյալ խաղին: Այս տարի լեգեոնականների ընդհանուր թիվը կրճատվել է երկուսով, իսկ յուրաքանչյուր խաղի կարելի է հայտավորել միայն 3 լեգեոնական: Բացի այդ, պարտադիր թիմերի հայտերում պետք է լինեն ղազախական անձնագիր ունեցող երիտասարդ երկու ֆուտբոլիստներ, ընդ որում` առնվազն մեկն ազգությամբ պետք է ղազախ լինի: Այս ամենն ուղղված է տեղի կադրերի պատրաստմանը: Թեեւ չեմ կարծում, թե նման քայլով կարելի է հաջողություն ակնկալել, քանի որ իրոք հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների քանակը մեծ չէ: Կարծում եմ, որ անցյալ տարվա համեմատ այս տարվա առաջնության մասնակից թիմերի խաղամակարդակը մի փոքր ցածր կլինի:
- «Եշիլ Բոգատիրում» լեգեոնականների քանակը մե՞ծ է: Բնականաբար, նախապատրաստական փուլում թիմում նոր լեգեոնականներ կփորձարկվեն:
- Երկու ֆուտբոլիստ փորձաշրջան անցան թիմում, սակայն նրանց ծառայություններից հրաժարվեցին: Այնպես որ, այժմ թիմում լեգեոնականներս երեքն ենք` ես, Դավիթը եւ չեխ Տոմաշը: Իհարկե, բացառված չէ, որ հաջորդ հավաքներին նոր լեգեոնականներ թիմ հրավիրվեն:
- Փաստորեն, հիմնական կազմում ընդգրկվելու հարցում վտանգ չես տեսնում:
- Ֆուտբոլն այնպիսին է, որ մշտապես պետք է պատրաստ լինես մրցակցությանը, քո խաղով ու պատրաստվածությամբ ապացուցես հիմնական կազմում մշտական տեղ ունենալու իրավունքը: Թեեւ երկուսս էլ թիմի առաջատար ֆուտբոլիստներից ենք, սակայն մշտապես պետք է պայքարենք կազմում տեղ ունենալու համար:
- Դու 2004 թ. ընդգրկվեցիր «Եշիլ Բոգատիրում»: Պայմանագրիդ ժամկետը ե՞րբ է ավարտվում:
- Պայմանագիրն ակումբի հետ 3 տարով էի կնքել, այնպես որ, այս մրցաշրջանից հետո այն ավարտվում է:
- Իսկ այս ընթացքում պայմանագիրը չի՞ վերանայվել, պայմանները չե՞ն բարելավվել:
- Ընդունված կարգի համաձայն` յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիրը վերանայվում է: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի ելույթներից: Նշեմ, որ իմ ելույթից թիմի ղեկավարությունն առայժմ գոհ է: Երկու մրցաշրջաններում էլ թիմի լավագույն ռմբարկուն եմ եղել: Անցյալ տարի առաջնությունում 9 գոլ խփեցի, մեկ անգամ էլ աչքի ընկա գավաթի խաղարկությունում: Ցուցանիշս ավելի բարձր կլիներ, եթե հանդիպումների մի մասում մարզիչները թիմի շահերից ելնելով ինձ կիսապաշտպանությունում չխաղացնեին: Այնպես որ, այժմ ավելի շահավետ պայմաններով եմ հանդես գալիս թիմում:
- Կենցաղային պայմաններն ինչպիսի՞ն են, ընտանիքիդ հե՞տ ես բնակվում:
- Ընտանիքս միայն ամռանն է միանում ինձ, երբ սկսվում են դպրոցական արձակուրդները: Ապրում եմ վարձակալած բնակարանում, որի ծախսերն, ըստ պայմանագրի, ինքս եմ հոգում: Ընդհանուր առմամբ գոհ եմ պայմաններից: «Եսիլ Բոգատիրում» հանդես գալն ինձ բավարարում է:
- Բազմիցս նշել ես, որ երազանքդ «100-ի ակումբում» ընդգրկվելն է: Երանելի բարձունքը հաղթահարելու համար քեզ անհրաժեշտ է 6 գոլ խփել: Ե՞րբ կիրականանա երազանքդ:
- Դժվար է ասել: Պարզապես լավ կլիներ, որ ակումբում հաշվարկվեին նաեւ արտերկրում ֆուտբոլիստների խփած գոլերը: Այս երկու տարում Ղազախստանում 24 գոլի հեղինակ եմ դարձել, խաղ-խաղ գրանցում եմ գոլերս: Առայժմ միակ հնարավորությունը հավաքականի կազմում աչքի ընկնելն է, ինչը չափազանց դժվար է: Գուցե հետագայում կրկին վերադառնամ Հայաստան եւ փորձեմ բախտս:
- Ըստ քեզ` ինչպիսի՞ն են մեր հավաքականի հնարավորությունները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:
- Առաջին հերթին լավ է, որ խմբում 8 թիմ է ընդգրկված: 2 խաղ ավելի կխաղանք, դա նաեւ փորձ ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն է: Նշեմ, որ ամենեւին էլ հեշտ խումբ բաժին չի ընկել մեզ, ընդհակառակը, բավական դժվարին մրցակիցներ են: Պորտուգալիային, Սերբիային, Բելգիային ու Լեհաստանին կարելի է դասել բավական բարձր խաղամակարդակ ունեցող թիմերի շարքը: Կարծում եմ, որ ՀՀ հավաքականը կարող է պայքարել 5-րդ տեղի համար, ինչն իրատեսական է: Ֆիններին, ղազախներին ու ադրբեջանցիներին կարելի է գերազանցել:
- Դու արդեն լավ ծանոթ ես ղազախական ֆուտբոլին: Եթե համեմատելու լինենք հայկական եւ ղազախական ֆուտբոլի ընդհանուր խաղամակարդակը, առավելությունը որի՞ օգտին կլինի:
- Պետք է տարբերակել ղազախական ֆուտբոլն ու Ղազախստանի հավաքականը: Ղազախական թիմերի խաղամակարդակն ավելի բարձր է ի հաշիվ մեծ թվով լեգեոնականների: Իսկ ահա երկրի հավաքականի մասին նույնը չի կարելի ասել: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականն իր ներուժով գերազանցում է Ղազախստանի ընտրանուն:
- Իսկ «Եշիլ Բոգատիրում» կա՞ն հավաքականի ֆուտբոլիստներ:
- Չկան: Հիմնական կորիզը ներկայում կազմում են «Ժենիսի» ֆուտբոլիստները: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ այդ թիմի մարզիչը նաեւ հավաքականն է գլխավորում: Օրինակ, Հորդանանի հետ ստուգողական հանդիպմանը հրավիրված ֆուտբոլիստներց 10-ը «Ժենիսից» են: Անցյալ տարի հիմնականում հրավիրվում էին «Կայրաթից», «Տոբոլից» ու «Իրտիշից»:
- Թիմում ինչպե՞ս ընդունեցին վիճակահանության արդյունքները:
- Բոլորն էլ ուրախ են: Շնորհավորեցինք միմյանց, քանի որ վերջապես հնարավորություն կունենանք գործով ապացուցել, թե իրականում ով է ավելի ուժեղ: Թե չէ հաճախ ենք թիմի ֆուտբոլիստներով անդրադառնում այդ հարցին: Մենք մեզ ու մեր ֆուտբոլն ենք գովաբանում, նրանքՙ իրենցը:
Ինչ խոսք, առանձնահատուկ նշանակություն կունենան մեզ համար Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումները: Կխաղանք այնտեղ, որտեղ որ հարկ լինի: Պետք է ամեն ջանք ներդնենք անպայման հաղթելու համար: Դա պատվի հարց է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ