Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 1-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որոշեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 12-ում, եւ փոփոխությունՙ «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում», համաձայն որոնց հաշվետու թողարկող համարվելու համար ընկերության սեփական կապիտալի նվազագույն շեմը 5 մլն դրամից հասցվել է 500 մլն դրամի: Եթե մինչ այս հաշվետու թողարկող համարվելու համար ընկերության սեփական կապիտալը պետք է գերազանցեր 5 մլն դրամը, եւ ունենար 50 եւ ավելի գրանցված արժեթղթերի սեփականատերեր, ապա փոփոխություններից հետո հաշվետու թողարկող համարվելու համար ընկերությունը, ունենալով նույն քանակի գրանցված սեփականատերեր, պետք է սեփական կապիտալի առումով գերազանցի 500 մլն դրամը: Այն ընկերությունները, որոնք այլեւս չեն ցանկանա համարվել հաշվետու թողարկողներ, պետք է այդ մասին օրենքով սահմանված կարգով միջնորդագիր ներկայացնեն ԿԲ: Կատարված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում հաշվետու թողարկողները 6 ամիս անց պետք է հաշվետվությունները ԿԲ ներկայացնեն նաեւ էլեկտրոնային ձեւով:
ԿԲ խորհուրդը որոշեց չառարկել «Արթուն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի գրանցմանը ֆոնդային բորսայում:
ԿԲ մամուլի ծառայություն