«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2006-02-28 | #37, 2006-03-01 | #38, 2006-03-02


ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ ԴԵՌ ՉԿԱ

ՀՀ պետբյուջեն կվերահաշվարկվի գազի գնի բարձրացման պատճառով

Ապրիլի մեկից գազի գինը կթանկանա: Հայաստան մտնող 1000 խմ գազի համար պետությունը կվճարի 110 դոլար: Ներքին շուկայում գազի գինը կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ի դեպ, «Հայռուսգազարդն» արդեն գազի ներքին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել հանձնաժողովին: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ` հանձնաժողովի որոշումով կպարզվի բյուջեի վերահաշվարկի ինչպիսին լինելը: Իսկ սույն տարվա պետբյուջեի վերահաշվարկի անհրաժեշտությունը բխում է գազի գնի բարձրացումից: Վարդան Խաչատրյանի հավաստմամբ` կառավարությունն արդեն գիտի լրացուցիչ միջոցների աղբյուրները, բայց պահանջվող գումարի չափը դեռեւս հայտնի չէ: Նախարարը նաեւ վստահ է, որ ամեն դեպքում պետբյուջեի վերահաշվարկը տնտեսվարողների հարկային բեռի վրա չի ազդի: Միջազգային փորձագետների օգնությամբ տնտեսության զարգացման վրա գազի գնի հնարավոր ազդեցությունները պարզելու մտադրություն ունի կառավարությունը: Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներն զգալի փոփոխություն չեն կրի, ֆինանսների նախարարի գնահատականով, քանի որ գազի գինը բարձրանում է տարածաշրջանի եւ այլ երկրներում: «Հայռուսգազարդի» հայտի առնչությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից առաջ եզրակացություններն էլ Խաչատրյանի գնահատականով վաղաժամ են: Ներկայացվածը ֆինանսների նախարարի պատասխանն էր ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցին:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանելով լրագրողների հարցերին մանրամասնեց. «Հանձնաժողովը կքննարկի: «Հայռուսգազարդը» ներկայացրել է մի տարբերակ, պահպանելով այն համամասնությունը, որը մինչեւ հիմա գործել է գործող սակագնում` բնակչությունը շուրջ 130 դոլարին համարժեք դրամ, արդյունաբերությունըՙ 79,1 դոլարին համարժեք դրամ: Որոշողը բնականաբար հանձնաժողովն է` եթե կորոշի այս նույն համամասնությունը պահել կամ փոխել, նոր միայն դրանից հետո հնարավոր կլինի հաշվել էներգետիկայի վրա ազդեցությունը»: Նախարարի հավաստմամբ հավանական է, որ հանձնաժողովը սահմանի «Հայռուսգազարդի» առաջարկածից ավելի ցածր սակագին, սակայն իրավունք չունի սահմանելու այնպիսին, որը ընկերությանը վնասով աշխատելու դատապարտի: Այս փուլում կարեւոր է, որ արդյունաբերողների գազի սակագնի չափը այնպես սահմանվի, որ չստիպի այն անդրադարձել արտադրանքի գնին, քանի որ դա ենթադրում է ապրանքների թանկացում, ինչն ի վերջո սպառողի շահերից չի բխում:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ առայժմ չի եղել գազի գնի բարձրացման փոխհատուցման երկուստեք ընդունելի տարբերակ: Երբ եւ ինչպիսին կլինի ընդունելի տարբերակը, նախարարը չգիտի: Այնուամենայնիվ բանակցությունները շարունակվում են:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4