Մի շարք երիտասարդներ երեկ մրցանակներ հանձնեցին «Արմենիա» հեռուստաընկերության «Էքսկլյուզիվ», «Դար 21» հեռուստաընկերության «Ժամանց» հաղորդաշարերին եւ «Ջաֆֆա գոլդ» հյութերի գովազդին: Այս 3 հեռուստաարտադրանքների հեղինակները սակայն ուրախանալու առիթ չունեն. մրցանակակիր են դարձել վատ աշխատանքով: «Էքսկլյուզիվը» պատվոգրի եւ ոսկեգույն աղբամանի է արժանացել «Ապազգային հեռուստահաղորդում», «Ժամանցը»ՙ «Հակադաստիարակչական հեռուստահաղորդում» եւ «Ջաֆֆա գոլդ» հյութերի գովազդըՙ «Գռեհիկ գովազդ» անվանակարգերում:
«Նոր ժամանակներ», «Ժառանգություն», ՀՅԴ, ԱԺՄ եւ ԱԺԴ կուսակցությունների երիտասարդական թեւերից կազմված «Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը», որ միջոցառման հեղինակն է, նոր է ձեւավորվել, շուրջ 30 անդամ ունի եւ շարունակում է նոր կուսակցությունների ներգրավումը: Ասոցիացիայի նախագահ Արման Վարդանյանի խոսքերովՙ նրանք չեն փորձում միաձուլել ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցություններին: «Եթե երիտասարդ ենք, ուրեմն պետք է ապացուցենք, որ մեզ համար ավելի կարեւոր արժեքներ կան», «Ազգի» հետ զրույցում ասաց Արման Վարդանյանը:
Հավաքված երիտասարդների համար կարեւոր արժեքներից է մայրենի լեզվի եւ հայեցի նկարագրի անաղարտությունը: Ասոցիացիայի անդամ Նարեկ Մալյանը («Նոր ժամանակներ») չի զարմանում, որ մեր հասարակության մեջ կան խելապակասներ կամ սխալ կողմնորոշման տեր մարդիկ, սակայն զայրանում է, որ «Էքսկլյուզիվի» եթերում մի տղամարդ կնոջ հագուստներով խոսում է 1915-ին հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին:
«Ժամանցը» հակադաստիարակչական է համարվել եթերում երեւանյան գիշերային ակումբների մասին հաղորդումը «կիսաթուրքական մուղամներով» ձեւավորելու համար:
Երիտասարդների ձեռնարկը դրական էին գնահատել եւ միջոցառմանը մասնակցում էին Սոս Սարգսյանը, Խորեն Պալյանը, Քրիստ Մանարյանը: Սոս Սարգսյանը մի պատմություն հիշեց. երբ իրենց գյուղում վառեկը ծուղրուղու է կանչել, դերասանի հայրը վառեկի գլուխը կտրել է եւ թույլ չի տվել, որ նույնիսկ միսն ուտեն: «Աննորմալ ամեն ինչ պետք է գլխից վերացնել: Եթե թույլ ենք տալիս, որ թույնը լցվի հասարակություն, նշանակում է գնում ենք ինքնասպանության», համոզված է Սոս Սարգսյանը:
«Հանրային կոչված հեռուստաընկերությունը ազգային որեւէ տարր չունի: Զավզակների մի խումբ է աշխատում այնտեղ, այն էլ ցածր մակարդակի», ասում է Խորեն Պալյանը: Նա ուրախ է, որ առողջ մտածելակերպով երիտասարդները մտահոգված են խնդրով:
«Ջաֆֆա գոլդի» գովազդում երիտասարդներին բարկացրել է աղավաղված եւ արհամարհված հայերենը: Քրիստ Մանարյանը ներկաներին հորդորեց գրիչը ցախավել սարքել եւ մաքրել եթերի աղբը: Երիտասարդների գնահատմամբ հենց իրենք պետք է վերահսկեն գռեհիկ պահանջներ բավարարող հեռուստադաշտը. այն սերունդ է դաստիարակում:
Երիտասարդ կուսակցականները վստահեցնում էին, որ չեն վախենում նախընտրական տարում նման գործունեությունից եւ մեծ հաճույքով կհանդիպեն վերոհիշյալ հեռուստաընկերությունների «տերերին», գուցե վերջիններս չգիտեն, թե ինչ է կատարվում սեփական հեռուստաեթերում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ