«Ազգ» օրաթերթի փետրվարի 14-ի համարից իմացանք, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ստեղծվել է «Մեսրոպյան ուղղագրությունը վերականգնողների» միավորում: Արտաքուստ անվտանգ թվացող, նույնիսկ ազգասիրական-հայրենասիրական մտահոգության տպավորություն թողնող եւ, բարեբախտաբար, ոչ պետական մի կառույց, որի գործունեությունը նպատակամղված է լինելու... Հայաստանում եւ Սփյուռքում մեսրոպյան ուղղագրության վերականգնմանը: Պարզվում է, որ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ եւ այլուր գաղթած եւ ընդհանուր առմամբ, այսօր աշխարհում ապրող շուրջ 10 միլիոն հայերից ինը միլիոնը տիրապետում են գրական արեւելահայերենին եւ գրում են մեսրոպյան տառերով, բայց ոչ մեսրոպյան ուղղագրությամբ: Այդ բոլորին դարձի բերելու համար ստեղծված միավորումն ընդգրկել է Հայաստանի եւ արտասահմանի շուրջ երկու-երեք տասնյակ տարաբնույթ մտավորականների (հոգեւորական, քանդակագործ, աստղաֆիզիկոս, բանաստեղծ, արձակագիր, բժիշկ` գերազանցապես ոչ-մասնագետներ), որոնց մի մասը տեղյակ էլ չեն այդ միավորման գոյության եւ դրա կազմում իրենց ընդգրկված լինելու մասին (գործադիր խորհրդի եւ մասնագիտական խորհրդի կազմում արձանագրված Ռ. Ղազարյանն, օրինակ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստում հայտարարեց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին):
Հիմա կասեք` ի՞նչ վատ կառույց է որ, կամ դրա ի՞նչն է վատ: Իսկ նպատա՞կը: Սա էլ պարզ է` վերադառնալ նախաաբեղյանական ուղղագրությանը, որը, արդարացնելու համար, կոչում են մեսրոպյան, եւ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն` գրական արեւելահայերենը այսուհետեւ գրել արեւմտահայ ուղղագրությամբ: Հնարավո՞ր է թե ոչ, կարելի՞ է թե չէ` գիտական այս հարցը նրանց համար բնավ կարեւոր չէ: Այդ մարդկանց համար ոչ մի նշանակություն չունի, որ մեր լեզվի երկու ճյուղերը` արարատյան բարբառի հիման վրա ստեղծված գրական արեւելահայերենը եւ Պոլսի բարբառի հիման վրա ստեղծված գրական արեւմտահայերենը լեզվական տարբեր համակարգեր են, արեւմտահայերենը ժամանակի ընթացքում կորցրել է պարզ խուլերի բաղաձայնական շարքը եւ դարձել երկաստիճան, իսկ արեւելահայերենը պահպանել է եռաստիճան համակարգը, ի՞նչ փույթ, թե կան գրության եւ արտասանության ահռելի տարբերություններ, բառապաշարի, ձեւաբանության, շարահյուսության ու ոճական համակարգերի առանձնահատկություններ, իսկ հետեղեռնյան շրջանում արեւմտահայերենը ենթարկվել է գաղթավայրերում տիրապետող լեզուների ազդեցությանը, կորցրել միասնականությունը. Պոլսում` թուրքերենի, Ֆրանսիայում` ֆրանսերենի, ԱՄՆ-ում` անգլերենի, հարավամերիկյան երկրներում` իսպաներենի, միջին եւ մերձավորարեւելյան երկրներում` արաբերենի, Իրանում` պարսկերենի, Ռուսաստանի Դաշնությունում` ռուսերենի եւ այլն: Այսինքն` այսօր ունենք ոչ միատարր սփյուռքահայերեն եւ կանոնարկված, պետական լեզվի աստիճանի գրական արեւելահայերեն` 1940 թ. մասնակի բարեփոխությունից հետո գործող կայուն ուղղագրությամբ, որոնց փոխհարաբերությունները պետք է ճշտվեն միմիայն գիտական սկզբունքներով ու չափանիշներով: Բայց ահա դրանց փոխարեն վերստին գլուխ է բարձրացրել սիրողական-զեղումնային մակարդակը: Իսկ սա նշանակում է` Հայաստանի Հանրապետության կրթական գործում ստեղծել երբեւէ չկարգավորվող խառնաշփոթ, եւ մեր մտավոր ներուժը շեղել համազգային ու համապետական կենսական կարեւորագույն խնդիրներից ու վատնել աննպատակ, ոչ մի կերպ չարդարացվող գործի վրա, որը ոչ կարելի է ուսանել, ոչ էլ ուսուցանել. այդ ո՞վ պիտի Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Միջին Ասիայում ու այլ երկրներում գտնվող մի քանի միլիոն հայությանը` այսինքն` հայության բացարձակ մեծամասնությանը սովորեցնի այդ խառնաշփոթությունը: Նրանք չեն էլ ուզում հասկանալ, որ այսօր հայերենի երկու ճյուղերն ունեն զարգացման տարբեր ընթացք, որը կարող է նրանց շատ հեռացնել միմյանցից, մինչդեռ օրախնդիր պետք է համարվի ոչ թե ուղղագրության միասնականացումով ոչնչացնել պետական լեզուն, այլ գտնել եւ կենսագործել նրանց մերձեցման հնարավոր ուղիներն ու միջոցները:
Ցավալին այն է, որ Սփյուռքում այսօր ամենուր նահանջում է հայոց լեզուն, իսկ այդ մարդիկ փոխանակ արեւմտահայերենի իրավունքները պաշտպանելու, Սփյուռքի` փակման վտանգի առջեւ կանգնած դպրոցներին սատարելու (հենց վերջերս են փակվել Կիպրոսի Մելգոնյան եւ Բեյրութի Համազգային կրթական հաստատությունները), զբաղված են Հայաստանի Հանրապետության պետական լեզուն քանդելով, վերջին տասնամյակներում մատենաշարերով, հատորյակներով կամ առանձին հրատարակված գեղարվեստական, թարգմանական ու գիտական վիթխարի գրականությունն արժեզրկելով: Նույն այդ գրականությունն այսօր ո՞վ է հրապարակելու մեսրոպյան ուղղագրությամբ: Լեզվական տարբեր համակարգերի ուղղագրության անկարելի «միասնականացումն» ի՞նչ է տալու ներկա եւ գալիք սերունդներին. մի՞թե նրանք չգիտեն մեսրոպյան ուղղագրության` մեկ հնչյունին մեկ տառ պարզագույն սկզբունքը, որ պահանջում են գրել մի բան եւ կարդալ մի այլ բան: Հնչյունաբանության մակարդակում նրանք բ-պ-փ, գ-կ-ք, դ-տ-թ, ձ-ծ-ց, ջ-ճ-չ համապատասխանությունները եւ օտար անունների փոխառյալ բառերի տառադարձման օրինաչափությունները ճշտելու հետ կարո՞ղ են լուծել բառասկզբում ձայնավորից առաջ հ-յ, բառամիջում եւ բառավերջում է-ե, օ-ո, յա-եայ, յու-իւ, ույ-ոյ անցումների, բառավերջում ա եւ ո ձայնավորներից հետո գրվող, բայց չկարդացվող յ-ի խնդիրը: Էլ սրա ի՞նչն է մեսրոպյան. հնարավո՞ր է երեւակայել, թե Մեսրոպ Մաշտոցը կարող էր տառ գրել եւ չկարդալ, գրել ուրիշ տառ, կարդալ ուրիշ հնչյուն:
Իսկ բառապաշարի, ձեւաբանության ու շարահյուսության միասնականացո՞ւմն ինչպես են պատկերացնում: Թե՞ քաղաքական գործունեության մեջ իրենց սպառած մարդիկ կարծում են` խնդիրը կլուծվի դատարանով կամ կեղծ քվեարկություններով: Բա լուրջ մասնագետների եւ Հայաստանի Հանրապետության ողջ ազգաբնակչության կարծիքը հաշվի առնող չկա՞:
Տեղեկացնենք, որ այդ 20-30 հոգիանոց միավորման դեմ համախմբվում եւ ընդդիմանում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի բոլոր լուրջ հայերենագետները, ուսուցիչները, աշակերտները:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտական խորհուրդ (տպագրվում է որոշ հապավումներով)