Ընթերցողներն ստացան փարիզաբնակ գրող եւ դրամատուրգ Մովսես Պչաքճյանի «Անցողիկը եւ անժամանցելին» երկհատոր, շուրջ 800 էջ պարունակությամբ վեպը, որը Հրաչ եւ Էլիզաբեթ Սիսեռյանների մեկենասությամբ հրատարակվել է Բեյրութի Համազգայինի «Վահե Սեթյան» տպարանում:
Սփյուռքահայության կյանքը պատկերող այս ստեղծագործությունը հեղինակի թվով 3-րդ վեպն է: Մինչ այդ ընթերցողները ստացել են նրա «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտուիլակներէն» եւ «Լուսաւոր աչքերով օտարականը» վեպերը, որոնք լայն արձագանք են գտել սփյուռքահայ եւ հայրենի ընթերցողների շրջանում: Տարբեր առիթներով դրանց անդրադարձել են Շաքե Մինասյանը (Մոնրեալ), Վեհանուշ Թեքեյանը (Նյու Ջերսի), Ալեքսանդր Թոփչյանը (Երեւան) եւ ուրիշներ:
Մ. Պչաքճյանը նաեւ պատմվածքների, ակնարկների, էսսեների մի քանի ժողովածուների հեղինակ է, որոնցում զգալի մաս են կազմում սփյուռք-հայրենիք կապերը, Հայաստանին նվիրված հրապարակումները: Սկսած անցյալ դարի 70-ական թվականներից նա քանիցս այցելել է Երեւան, շրջել հանրապետությունում, հանդիպումներ ունեցել պետական այրերի, գրականության եւ արվեստի գործիչների հետ: Այստեղ Արթուր Էլբակյանի ղեկավարած թատրոնը ժամանակին բեմադրել է նրա «Անկարելի կարելին» թատերգությունըՙ հայրենի լավագույն արտիստների մասնակցությամբ: Պիեսի ներկայացումներից մեկին հրավիրվել է դիտելու հեղինակը:
Մովսես Պչաքճյանը ծնվել է Հալեպում, զբաղվել է մանկավարժությամբ, որոշ ժամանակ Բեյրութում աշխատելուց հետո, 1976 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ եւ ապրում ու ստեղծագործում է:
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակից, «ԱԶԳ»-ի համար