«Ռամբուեում առանձնապես ողբերգական բան չի պատահել: Մեկ կարեւոր սկզբունքի շուրջը չհաջողվեց պայմանավորվել», երեկ երեք հեռուստաալիքների տված հարցազրույցում նշեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թե ինչո՞ւ Ռամբուեի հանդիպումն այդքան սպասելիքների տեղիք տվեց եւ հիասթափեցրեց, Ռոբերտ Քոչարյանը բացատրեց հետեւյալ կերպ. պատճառը չափազանցված սպասելիքներն էին, որոնք լավատեսական հայտարարությունների, երկու նախագահների առանձին հանդիպման փաստի, Ֆրանսիայի նախագահի հրավերի ու ներգրավվածության արդյունք էին:
Լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգում ութնյակի երկրների հանդիպումից առաջ հարցի սկզբունքների շուրջը պայմանավորվածության գալու մտադրությունը, քանի որ դա երաշխիք կլիներ միջազգային հանրությանն անելու առավելագույնը պայմանավորվածությունների կատարմանն աջակցելու համար: Սակայն Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, սպասվող հանգուցալուծումը չհաջողվեց, բայց բանակցությունները կշարունակվեն: Ընդ որում, ՀՀ նախագահը մեծ սպասելիքներ չի ունեցել, թե համաձայնություն ձեռք կբերվի հիշատակված մեկ կետի շուրջը: «Հարցի կարգավորումն այնքան բարդ գործընթաց է, որ կարելի է, օրինակ, պայմանավորվել 15 սկզբունքների շուրջը եւ ընդամենը մեկի շուրջը չպայմանավորվածությունը կնշանակի, որ գործընթաց չի սկսվում»:
Բանակցություններում Ղարաբաղի մասնակցության առնչությամբ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Կարծում եմ, կա որոշակի թյուրըմբռնում: Ղարաբաղն իրականում մասնակցում է բանակցային գործընթացին, բայց ոչ լիարժեք»: Համանախագահները հանդիպումներ են ունենում Ղարաբաղում, Հայաստանի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին խորհրդակցում է ԼՂՀ նախագահի հետ: Ընդ որում, ներկա ձեւաչափի բացասական կողմը Հայաստանին ագրեսիայի եւ տարածքների զավթման մեջ Ադրբեջանի մեղադրելու փորձն է: «Միանշանակ ասեմ, որ այս արգումենտները ոչ մեկին չեն հետաքրքրում, բոլորը գիտեն կոնֆլիկտի էության մասին եւ հասկանում են, որ Ղարաբաղի հետ բանակցելու Ադրբեջանի մերժումը ավելի շատ հոգեբանական բարդույթից էՙ կապված պատերազմի հետեւանքների հետ»: Իսկ շահում ենք նրանով, որ Հայաստանը մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերըՙ ելնելով ճանաչված պետություն լինելուց: Հայաստանի ներգրավվածությունը բարձրացնում է պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Լավագույն տարբերակը կլինի երեք նախագահների բանակցությունների ձեւաչափը: «Իսկ ղարաբաղցիներին հատուկ ասեմ հետեւյալըՙ դուք պետք է սկսեք անհանգստանալ այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահն սկսի խուսափել այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց»:
Քոչարյանին Մոսկվա խորհրդակցության հրավիրելու Վլադիմիր Պուտինի հայտարարության առնչությամբ Հայաստանի նախագահը նշեց, որ Պուտինը Ղարաբաղի հարցի մասին հեռախոսազրույց է ունեցել իր հետ: «Ես չեմ զգացել որեւէ ճնշում, որեւէ նպատակ ինչ-որ բան ինձ պարտադրելու»: Չի եղել նաեւ որեւէ կայսերապետական երանգ, այլ եղել է ընկերական մտքերի փոխանակում: Իսկ Պուտինի հրավերն, ըստ Քոչարյանի, բարի ցանկություն էր:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ