«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ «ՀԱՐՑՄԱՄԲ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱԼԻԵՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը հասարակական կարծիքի հարցում է անցկացրել եւ իբր պարզել, որ Ադրբեջանի քաղաքացիների 60 տոկոսը կողմ է ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական տարբերակին: Այս մասին հայտնում է «Դեյ.ազ» ինտերնետային կայքէջը:

Տարօրինակ կլիներ, եթե այդ հարցման արդյունքների հիման վրա չեզրակացնեին, թե ադրբեջանական հասարակությունը պատրաստ է պատերազմի: Եվ առավել տարօրինակ կլիներ, եթե լույս աշխարհ չգար նման մի հարցում, որ ամբողջապես սատար է կանգնում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին` ադրբեջանական պետության ռազմական կարողությունների եւ պատերազմ սկսելու պատրաստակամության վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական նման դիրքորոշումը կանխատեսելի է, սակայն հասկանալի չէ, թե ինչու են այդ հայտարարությունները մնում անարձագանք միջազգային հանրության կողմից: Հասկանալի չէ նաեւ, թե 2006 թ.-ից մեծ ակնկալիքներ ու հույսեր ունեցող, ասենք, ԵԱՀԿ կառույցներն ու պաշտոնյաները ինչու են լռելյայն ու աչքափակ այս ամենի հանդեպ, երբ ղեկավար ու անգամ տեղակալ ամեն մի պաշտոնյա շեշտում է հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհի եզակիությունը այս հարցի լուծման գործում:

Համաձայն ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության, նախարար Օսկանյանը երեկ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի վերջին շրջանի հայտարարություններին, նշելով, որ դրանք չեն նպաստում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցությունները տեղից շարժելուն: Ընդ որում, ռազմական ճանապարհով հարցը լուծելու հայտարարությունները հակասում են նաեւ պրահյան գործընթացի սկզբունքների էությանը եւ ոգուն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4