«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԵՂԵՑԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Նրանք իրենց ներքին խնդիրները քննարկումների առանցք դարձրին, իսկ մասնակիցներին` հանդիսատես

Մինչ եվրոպական, ռուսական զանազան խմբեր ու գործիչներ ամենաբարձր մակարդակներով փորձում են նպաստել ղարաբաղյան խնդրի բարեհաջող հանգուցալուծմանը, Թբիլիսիում հայ եւ ադրբեջանցի բնապահպաններն իրենց վրացի գործընկերների հետ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրները միասնաբար լուծելու ուղիներ էին առաջարկում: Բնապահպանությունն առայժմ քաղաքականության ծառան չէ. օդը, հողը, ջուրն ու երկինքը, անկախ միջպետական հարաբերություններից, նույն համակարգում են: Այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտությամբ սրված մթնոլորտում ակնհայտ սառն էին նաեւ սեմինարի մասնակից հայ եւ ադրբեջանցի բնապահպանների հարաբերությունները:

Անդրսահմանային համագործակցության գլխավոր թեման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) համակարգի ուժեղացման անհրաժեշտությունն էր բոլոր 3 երկրներում: Դա նշանակում է, որ հասարակությունը պիտի հնարավորություն ունենա մասնակցելու ամեն մի տնտեսական գործունեության վերաբերյալ պետական-կառավարական որոշումների կայացմանը, այնպիսի գործունեության, որ շրջակա միջավայրի վրա որոշակի բացասական ներգործություն կարող է ունենալ: Հասարակությունը պիտի այդ որոշումները բողոքարկելու հնարավորություն էլ ունենա օրենքի մակարդակում: Խոսքը վերաբերում է նաեւ օրենսդրական բազաներին, զանազան ծրագրերին ու նախագծերին:

Խնդրի նույնականացումը լիովին հնարավոր է` նկատի առնելով, որ տարածաշրջանի միմյանց նկատմամբ այնքան էլ ոչ բարեկամական զգացմունքներ տածող ժողովուրդները զարգացման նույն ընթացքն են ապրում, մեկը մի քիչ առաջ ընկած, մյուսները` նրա ապրածը վերապրելու ճանապարհին: Ադրբեջանում ու Վրաստանում էլ ժողովուրդն այսօր սնվում է տարտամ հույսերով ու ձգտումներով, ապրելով հետանկախացման ժամանակների մանկական տարիքը, որը մենք վաղուց անցել ենք:

Բոլոր 3 երկրներում էլ խնդրի օրենսդրական բազան բազմաթիվ թերություններ ու անկատարություններ ունի, ինչը միանգամայն բնական է ապրելակերպ չդարձած ՇՄԱԳ երեւույթի համար: Բնականաբար, հասարակական մասնակցությունն էլ, մեղմ ասած, անբավարար է այս կամ այն շինության կամ ձեռնարկության շահագործման էկոլոգիական հետեւանքները գնահատելու, փորձաքննություն իրականացնելու գործընթացներին: Այս առումով հայկական օրենսդրությունը հարեւան երկրների համեմատ շահեկան վիճակում է, քանի որ մանրակրկիտ ու բծախնդիր ներկայացնում է հասարակական մասնակցության բոլոր քայլերը: Սակայն մեր օրենքն էլ լռում է այդ մասնակցությունն ապահովելու մեխանիզմների մասին` պետք է իրազեկել հասարակությանը, բայց ինչպիսի լծակներով իրազեկել ու ներգրավել այն հատվածին, որն իսկապես ենթակա է նախատեսվող գործունեության բացասական ներգործությանը, ոչ մի բառ չկա:

Ըստ հանդիպման ծրագրի, նախատեսվում էր, որ միմյանց պրոբլեմները ներկայացնելուց հետո 3 երկրների բնապահպանական հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչները տարածաշրջանային հայեցակարգի սկզբունքների մշակման առաջին փորձը պիտի անեին: Սեմինարն անսպասելիորեն շեղվեց ընթացքից` միանգամայն այլ հուն ուղղվելով: Ադրբեջանը ներկայացնող Մայիս Գուլալիեւի զեկույցի առանցքը հասարակական մասնակցության ասպարեզում առկա կոռուպցիան էր իրենց երկրում: Երեւում է, թեման խիստ անհանգստացրել էր ադրբեջանական իշխանություններին, քանի որ իրենց նախաձեռնությամբ սեմինար էին առաքել բնապահպանության նախարարության, հասարակական ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հսկա մի պատվիրակություն: Անկոչ հյուրերի նպատակը, ինչպես ընթացքում պարզվեց, Մայիս Գուլալիեւին արժանի հակահարված տալն էր, որը համարձակվել էր կոռուպցիայի կեղտոտ լվացքը կապել ներկայացվող թեմային եւ օճառել օտարների ներկայությամբ: Մայիս Գուլալիեւը անխնա քննադատում էր Ադրբեջանի չինովնիկական ապարատին, եւ դժվար էր հասկանալ, թե ոգեւորությունն ու ծայր ուղղամտությունը ֆանատիկության, էքսցենտրիկության թե ընդամենը կազմակերպությունը ֆինանսավորող օտար տերերին սովորական ծառայամտության արտահայտություն էին: Ադրբեջանցու ղեկավարած կազմակերպությունը ֆինանսավորում է հանրահայտ Սորոսը:

Մայիս Գուլալիեւի պնդմամբ, Ադրբեջանը էկոլոգիական փորձաքննության մասին նույնիսկ օրենք չունի: Նրան կատաղի հակադրվում էր Ադրբեջանի բնապահպանության նախարարության փորձաքննական ծառայության պետը, համարելով, որ կոռուպցիայի մասին որեւէ մեկին մեղադրելուց առաջ Գուլալիեւը ձեռքի տակ դրա վերաբերյալ դատական որոշում պետք է ունենա:

Ի դեպ, այս ոլորտն իսկապես կոռուպցիայի տաքուկ բներից է: Ներկուլիսային տեղեկությունների համաձայն, Հայաստանում, օրինակ, միջին հզորության օբյեկտի էկոլոգիական փորձաքննության գինը 2 հազար դոլար է: Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները շատ ավելի մեծ թիվ են նշում` 50 հազար դոլար: Նավթատարի հետ կապված միլիոնավոր դոլարների հոսքն այսպիսի անհամեստ սակագներ է նշել այստեղ:

Ադրբեջանցիների փոխադարձ մեղադրանքները, նույնիսկ միմյանց վիրավորանքներ հասցնելու մակարդակում, խանգարեցին համատեղ սկզբունքների ու գործողությունների մշակմանը, ինչի հետ կապված նոր նախագծերի ակնկալիք ունեին սեմինարի մասնակիցները: Նույն խնդրի շուրջն ընդհանրական մոտեցումների ու համագործակցության ծրագրերի ձեւավորումը մնաց անորոշ ապագայում, քանի որ այս օրերին ավարտվեց ՇՄԱԳ-ի առաքելության այս հատվածը:

Սեմինարին ներկա էր նաեւ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը: Ամենայն հավանականությամբ, նրան այստեղ էր բերել ոչ ըմբոստ հայրենակցին տեղը դնելու հայրենական գործողությանը համերաշխություն հայտնելու ցանկությունը: Իր հայրենասիրական պարտքը նա արտահայտեց այլ կերպ` հայաստանյան խմբի ղեկավար, ՇՄԱԳ-ի փորձագետ Վռամ Թեւոսյանին ուղղված անհասկանալի հարցադրմամբ, թե ինչու են Ղարաբաղում արտադրում հայկական շտրիխ-կոդերով արտադրանք: Չտրվելով սեմինարի հետ ոչ մի կապ չունեցող հարցադրման սադրանքին, Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ դա ոչ իր իրավասության, ոչ էլ քննարկվող թեմայի հետ որեւէ կապ չունի: Իր գործն ավարտած համարելով` դեսպանը հանգիստ շունչ քաշեց:

Ադրբեջանի նախարարն ասում է` ոչ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տարածաշրջանային կենտրոնը Համաշխարհային բանկին առաջարկ է ներկայացրել Հարավային Կովկասի 3 երկրներում ինտերնետային էկոլոգիական էջ (վեբսայթ) բացելու վերաբերյալ: Նախատեսվում է, որ այնտեղ եռամսյակը մեկ տեղեկատվություն կհրապարակվի էկոլոգիական բոլոր բաղադրամասերի վերաբերյալ` օդ, հող, ջուր, աղտոտվածության տարբեր արտահայտություններ, ընդերք: Նախագիծն իրականություն դարձնելու համար Համաշխարհային բանկը նախ պահանջում է 3 երկրների բնապահպանության նախարարների համաձայնությունը: Վրաստանի եւ Հայաստանի նախարարներն արդեն ստորագրել են այն, Ադրբեջանի նախարարը սկզբում պատրաստակամություն է հայտնել, այժմ ասում է` ոչ:

Հավանաբար, այս երկրի իշխանությունները չեն ուզում վերահսկողությունից դուրս թողնել մի ոլորտ, ուր իրենց համար խոցելի շատ բան կա, կամ էլ մեզ նման ինքնամոռաց հավատ չեն ընծայում դրսի կազմակերպություններին, որոնցից մեկի ֆինանսավորմամբ նախագիծը կյանքի ուղեգիր պիտի ստանա:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4