Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին հրեաների ողջակիզումը` Հոլոքոսթը համարում է «պատմական իրողություն»: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով իրանական մամուլի հրապարակումները:
«Մենք պետք է բողոքենք, եթե սպանում են թեկուզ մեկ հրեայի: Մի՛ մոռացեք, որ Հիտլերի, նացիզմի եւ գերմանական նացիոնալ-սոցիալիզմի ոճիրներից մեկն անմեղ մարդկանց, այդ թվումՙ հրեաների զանգվածային սպանությունն է», ասել է Խաթամին:
Նրա խոսքերով, Հոլոքոսթը պետք է ճանաչվի «նույնիսկ այդ պատմական փաստի շահարկման եւ պաղեստինցիների վրա գործադրվող ուժգին ճնշման պայմաններում»:
1997-2005 թթ. Իրանի նախագահ բարեփոխական Խաթամին նշում է, որ մահմեդականներին բնորոշ չէ հալածել հրեաներին: «Հրեաների հալածանքը, ինչպես եւ նացիզմը հատուկ են Արեւմուտքին: Արեւելքում մենք միշտ խաղաղ ապրել ենք կողք -կողքի: Բացի դրանից, մենք հետեւում ենք կրոնի սկզբունքներին, որոնց համաձայն անմեղ մարդու մահը համայն մարդկության մահն է», ընդգծում է Խաթամին:
Միաժամանակ նա Իսրայելի ղեկավարներին մեղադրում է «քաղաքականության ֆաշիստական մեթոդների կիրառման» մեջ: