«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ՀՀ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՆԵՐԽՈՒԺԵԼԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՕՐԵՆՔՈՎ

«Ես ճանաչում եմ Ավետյանին: Նա աշխատավարձով ապրող մարդ է»: Սա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հավաստումն է պատգամավոր Գագիկ Ավետյանի մասին: Հավաստման անհրաժեշտությունը պարտադրված է փետրվարի 28-ին պատգամավորի տանը վեցերորդ վարչության աշխատակիցների իրականացրած խուզարկմամբ: ԱԺ նախագահի պարզաբանմամբ դրանով խախտվել է ՀՀ սահմանադրության 24-րդ, քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ,13-րդ եւ 279-րդ հոդվածները, համաձայն որոնց անձեռնմխելի է ՀՀ քաղաքացու գույքը, արգելված է մուտքը բնակարան, խուզարկումն էլ օրինական է միայն դատարանի որոշման առկայության դեպքում: «Արտահայտելով մեր մտահոգությունըՙ համոզված ենք, որ այն լրացուցիչ ազդակ է ավելի հստակեցնելու ՀՀ օենքները, այդ թվում ՀՀ ԱԺ կանոնակարգը: Կարծում եմՙ պետք է անհապաղ դադարեցվի պատգամավորի նկատմամբ անհիմն իրավական հետապնդումը, հատկապես, որ մարդիկ այն համարում են քաղաքական», հայտարարեց ԱԺ նախագահը:

Արթուր Բաղդասարյանը հնարավոր համարեց համապատասխան քննարկումները ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչների հետՙ միջադեպի բոլոր մանրամասները հստակեցնելու նպատակով: Մինչ այդ Բաղդասարյանը փաստել էր. «Ինքս ճանաչում եմ Գագիկ Ավետյանին որպես սկզբունքային, անաչառ, շիտակ անձնավորության: Բոլորս էլ գիտենքՙ նա ոչ օլիգարխ է, ոչ էլ մեծ ծավալների բիզնեսմեն: Ուղիղ հակառակը: Ընտրվելուց հետո հայտարարել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում»:

Լրատվամիջոցներից ԱԺ նախագահը խնդրեց իրավիճակի անաչառ լուսաբանումՙ պատգամավորներին որպես քրեական հետապնդման մեջ կասկածվող կամ հալածյալներ ներկայացնելու փոխարեն:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4