«Տնային տնտեսուհիների» «պաշտպան» պատգամավորների եւ կուսակցությունների շահերին
Հայաստանի համար ատոմային էներգիան այլընտրանք չունի: 1992-1995 թթ. էներգետիկ ճգնաժամ տեսած եւ դրա ողջ դառնությունը «ճաշակած» ժողովրդին թերեւս անհրաժեշտություն չկա այդ մասին մեկ անգամ եւս ասելու: Բարեբախտաբար, այս ճշմարտությունը գիտակցեցին ինչպես նախկին իշխանությունները, որոնք ստիպված եղան վերաբացել 1989 թ.-ին փակված Մեծամորի ատոմակայանը, այնպես էլ ներկայիս իշխանությունները, որոնք հին ատոմակայանը փակելու Եվրոմիության պահանջներին զուգահեռ սկսեցին խոսել նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտության մասին: Եվ անգամ եթե չլինեին Եվրոմիության պահանջները, կառավարությունն ուղղակի պարտավոր էր մտածել եւ գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Դարձյալ գաղտնիք չէ, որ գործող ԱԷԿ-ի համար վերջնաժամկետը համարվում է 2015 թ.-ը: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Եթե անգամ օգտագործենք մեր բոլոր հիդրոռեսուրսները, քամու, արեւի, ընդերքի էներգիան, վերակառուցենք ջերմակայաններըՙ բարձրացնելով դրանց օգտակար գործողության գործակիցը, ունենանք գազապահեստարաններ եւ երկրորդ կամ երրորդ գազամուղ, միեւնույն է, մեր էներգետիկ պահանջները դրանով չեն բավարարվի: Առավել եւս, եթե Հայաստանի տնտեսությունը շարունակի զարգանալ այս տեմպերով, ապա կավելանա նաեւ էներգիայի պահանջարկը: Այսինքն, վերոնշյալ բոլոր հանգամանքներով հանդերձ, ըստ մասնագետների, մեր պահանջարկի առնվազն մեկ երրորդը պետք է բավարարի նոր ատոմակայանը:
Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությունը նաեւ անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ են ահաբեկված մեր ոչ բարեհաճ հարեւանները հայկական ԱԷԿ-ից: Բացի այն հանգամանքից, որ ատոմակայանը հնարավորություն է տալիս Հայաստանին առավել ապահով զգալ իրեն եւ չենթարկվել ինչպես նրանց, այնպես էլ բարեկամ համարվող երկրների ճնշումներին կամ շանտաժներին, նաեւ էապես բարձրացնում է մեր երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Ատոմակայան ունեցող երկիրը գոնե հարեւանների կողմից չի կարող ենթարկվել օդային կամ այլ հարվածների, քանզի բոլորը գիտեն, որ դա աղետ կդառնա տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Ամենեւին էլ ոչ բոլոր դեպքերում են Հայաստանի իշխանությունները հեռազգացություն ցուցաբերում եւ գիտակցում հատկապես հեռանկարային խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Պետք է ընդունել, որ այս անգամ կառավարությունն այդ գիտակցությունը դրսեւորել է եւ Ազգային ժողով ներկայացրել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է նոր ատոմակայանի կառուցման համար մասնավորից ներդրումներ ներգրավելու հնարավորություններ ստեղծել: Թվում էր, թե այն, ինչ վերեւում նշել էինք, գիտակցում են նաեւ պատգամավորները եւ որեւէ խնդիր այս հարցում չպետք է առաջանար: Սակայն պարզվում է, որ ոչ: Շահարկումներն ու պոպուլիզմը քաղաքական ուժերը պետք է ցուցաբերեին նաեւ այս, կարծես թե քաղաքական խաղերից դուրս գտնվող հարցում: Ընդ որում, այդ խաղի մեջ ներգրավված են ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանությանը մաս կազմող ուժերը:
Օրենքի փոփոխություններին դեմ արտահայտվողները հիմնականում հանդես են գալիս ԱԷԿ-ի կառուցման եւ տնօրինման հարցում մասնավորի մասնակցության դրույթի դեմ, պնդելով, որ միջուկային էներգիան պետք է լինի պետական մենաշնորհ: Չնայած առաջարկվող տարբերակում նախատեսվում է, որ նոր ԱԷԿ-ը կունենա 51 տոկոս պետական բաժնեմաս, բայց դա էլ չի բավարարում «Արդարություն», «Ազգային միաբանություն», «Ժողպատգամավոր» եւ հատկապես «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորներին: Դեռ մեծ հարցական է, թե մասնավոր ընկերությունները կցանկանա՞ն մասնակցություն ունենալ եւ հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնել մի նախագծի մեջ, որի վերահսկիչ փաթեթը գտնվելու է պետության ձեռքում:
Եթե վերոնշյալ կուսակցություններն ու խմբակցությունները խնդիրներ ունեն կեղծիքներով թիվ մեկ իշխանական կուսակցություն դարձած Հանրապետական կուսակցության հետ, դա գուցե այլ ձեւով եւ այլ հարցեր քննարկելիս ցուցաբերեն: Սակայն նրանց քաղաքական շահերին չպետք է զոհաբերվենք մենք բոլորս 10 տարի հետո: Վատ չէր լինի, որ գնաճի մասին իրենց գիտելիքների բացակայությունը ցուցաբերող, «տնային տնտեսուհիների» «պաշտպան» որոշ պատգամավորներ գոնե որոշ գիտելիքներ ունենան մեր էներգետիկ համակարգի եւ նրանում ատոմակայանի դերի մասին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ