Հայաստանում այսօր կան պոլիգրաֆիական, գրահրատարակչական, դիզայնի, գովազդի եւ գրաֆիկական գործունեությամբ զբաղվող 100-ից ավելի ընկերություններ, որոնց գործունեության շրջանակներն ընդլայնվել են վերջին տարիներին: Գրահրատարակչության միության նախագահ Վահան Խաչատրյանը համոզված է, որ ոլորտում այս տարիներին մեծ թռիչք է եղել, քանի որ 5-6 տարի առաջ Հայաստանում քչերը գիտեին ինչ է էլեկտրոնային հասցեն, ինտերնետը կամ գրաֆիկան: «Իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է, եւ որ գրահրատարակիչների համար ավելի կարեւոր է, սկսել են միավորվել եւ համագործակցել թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորները», «Լոգոս էքսպո սենթր» կենտրոնի կազմակերպած «Ինտերպրինտ` պոլիգրաֆիա, գովազդ, դիզայն, փաթեթավորում էքսպո-2006» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ երեկ արձանագրեց գրահրատարակչության միության նախագահը: Ի դեպ, ցուցահանդեսը կարելի է եւ չհամարել միջազգային, որովհետեւ որեւէ երկրի ընկերություն դրան չէր մասնակցում (Հնդկաստանից պետք է գային 2 ընկերություն, բայց չէին եկել):
Ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ մարտի 4-ը, մասնակցում էին տպագրական, հրատարակչական, փաթեթավորման, գովազդի եւ դիզայնի արդյունաբերության ոլորտում աշխատող շուրջ 38 հայաստանյան ընկերություններ, որոնց գործունեության մասին տարբեր կարծիքներ հնչեցին:
Օրինակ, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ վերջին 10-15 տարիներին հայկական պոլիգրաֆիան մեծ վերելք է ապրել, թեեւ ոլորտում դեռ կան չլուծված հարցեր` մասնագետների պակաս, մարդկանց դեպի գրքի արժեքը վերադարձնելու եւ գրահրատարակչական մենեջմենթի զարգացման հետ կապված խնդիրներ:
Ոլորտի զարգացման մասին կարծիքները լրացրեց նաեւ Վահան Խաչատրյանը: «Մեր պոլիգրաֆիան այժմ մեջքն ուղղած քայլում է համաշխարհային շուկայում», ասաց նա: Թեեւ վերջինս դժվարացավ նշել, թե կոնկրետ մեր ո՞ր ընկերության ո՞ր արտադրանքը արտերկրի ո՞ր շուկայում է սպառվում, բայց եւ այնպես ավելացրեց. «Մենք հաջողություններ ունենք որոշ ուղղություններով` պոլիգրաֆիայի որակի, գրքերի տեսքի եւ կազմարարական աշխատանքների իմաստով: Մեր պոլիգրաֆիստները այսօր կարողանում են 40-ից 5 հարյուր հազար դոլար արժողությամբ տեխնիկա գնել»:
Միջազգային շուկայում հայկական տպագրական ու մյուս ապրանքների մրցունակության եւ սպառման մասին տվյալներ չուներ նաեւ «Լոգոս էքսպո սենթր» կենտրոնի փոխտնօրեն Արա Ստեփանյանը: Նա միայն հավելեց, որ միջազգային շուկա դուրս գալու համար ավելի շատ ընկերությունները պետք է մտածեն: Փաստորեն, որքան էլ մեր արտադրանքը լավն է, ամեն դեպքում միջազգային շուկա արտահանելու խնդիրներ դեռ կան, որոնք գոնե առայժմ լուծվում են առանձին ընկերությունների սեփական ուժերով: Ա. Ստեփանյանը նշեց, որ իրենց կազմակերպած ցուցահանդեսներն էլ հնարավորություն են ստեղծում ներքին շուկային ծանոթանալու եւ համագործակցելու համար, որը պակաս կարեւոր չէ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ