«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


«ՔՆՆԻՉԸ ՏՈՒԺՈՂԻ ՀԵՏ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ԵՎ ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ՎԱՅԵԼՈՒՄ Է ԱՐԵՎԵԼՔԻ ՀՄԱՅՔԸ»

Իսկ «Ռոյալ Արմենիան» կրում է վնասներ

Թե ինչպես մի օր հիմնականում սուրճի վերամշակմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերությունը եւ մաքսային պետական կոմիտեն բախվեցին, բազմիցս խոսվել է: Մաքսային կոմիտեիՙ գործարքի առաջարկը մերժած ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանը կալանվեց ընկերության փոխտնօրեն Արամ Ղազարյանի հետ:

Երեկ այդ կապակցությամբ «Ռոյալ Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանը եւ կալանվածների պաշտպան Աշոտ Սարգսյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ կարեւորեցին, որ հիշատակված երկու անձանց նկատմամբ կալանքի կիրառման ժամկետը դարձյալ երկարաձգվել է, եւ «Ռոյալ Արմենիա»-մաքսային կոմիտե հակադրության մեջ իր ուրույն դերակատարությունն են իրականացնում նախաքննության մարմինն ու քննիչը: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիայի» դեմ քրեական գործում տուժող ճանաչված ԱՄՆ քաղաքացի Վաչե Պետրոսյանի հայտարարությունների հիման վրա կալանավորվել են Գագիկ Հակոբյանը եւ Արամ Ղազարյանը, թերեւս որպես ի շարունակություն «Ռոյալ Արմենիա»-մաքսային կոմիտե հակադրության:

Ասուլիսի ընթացքում Աշոտ Սարգսյանը նշելով դատավարական խախտումների մասին, օրինակ բերեց վերջինը: Ըստ այդմ, քր. դատ. օր.-ի համաձայն, քննիչն առնվազն 10 օր առաջ պիտի դատարան միջնորդություն ներկայացնիՙ կալանքի ժամկետը երկարաձգելու համար, իսկ դատավորն իր հերթին առնվազն 5 օր առաջ պետք է քննարկի ու որոշում կայացնի: Մինչդեռ պրն Սարգսյանի խոսքերով, այս անգամ քննիչը միջնորդություն ներկայացրել է ժամկետի ավարտից 2 օր առաջ, իսկ դատավորն էլ փոխանակ չքննարկելու, բավարարել է: Ի հավելումն սրա, Աշոտ Սարգսյանին չի հաջողվում ծանոթանալ տարբեր փաստաթղթերի փորձագիտական եզրակացության նյութերին:

Սարգսյանը նշեց նաեւ, որ Վաչե Պետրոսյանի յուրաքանչյուր հայտարարություն ընդունվում է որպես հիմնավոր, մինչդեռ տվյալ դեպքում գործ ունեն այնպիսի մարդու հետ, որը «Ռոյալ Արմենիայի» ներկայացմամբ բանկային հաշիվ ունի Կիպրոսի օֆշորային գոտում, էլի տարբեր տեղերում, նույնանուն երկու ընկերություն է գրանցված Մ. Նահանգներում եւ Վիետնամում եւ այլն:

Հետաքրքրական է այս պատմության դրվագներից եւս մեկը: Ըստ Աշոտ Սարգսյանի, «Ռոյալ Արմենիայի» համասեփականատերն ու փոխտնօրենը 5 ամսում չեն տեսակցել հարազատներին, իսկ դրա փոխարեն, ասենք, քննիչ Մնացական Մարուքյանը «այցելել է Թաիլանդ եւ Վիետնամ», ի դեպ, անմասն չմնալով Վաչե Պետրոսյանի ծառայություններից:

Այս գործի զավեշտական հանգամանքներից տպավորությունն այնպիսին է, թե տնտեսվարող որոշ սուբյեկտներ կարող են ենթարկվել տարբեր ոտնձգությունների եւ իրենց իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանում հաջողություն չեն ունենա: Առավել եւս, որ Աշոտ Սարգսյանի կանխատեսմամբ, «Ռոյալ Արմենիայի» այս պատմությունը կարող է դառնալ հոգնակիՙ նմանատիպ պատմություն հավանաբար կծագի Գեղարքունիքի մարզում սուրճի մեկ այլ ընկերության առնչությամբ, քանի որ վերջինիս հետ եւս կապված է Վաչե Պետրոսյանի անունը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4