«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ԷԼԻՏԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Թույլտվության համար միջնորդել է գիտությունների ազգային ակադեմիան

Նախընթաց օրը Ազգային ժողովում Մանուկ Գասպարյանի հայտարարությունը ռումբի ներգործություն ունեցավ հատկապես բուսաբանական այգու փոխտնօրեն Ավետիս Հայրապետյանի համար: Երեկ առավոտից չէր դադարում լրագրողների, քաղաքապետարանի, տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հոսքը բուսաբանական այգի, լրագրողները` լրացուցիչ պարզաբանումների հույսով, պաշտոնատարները` փաստերը ստուգելու համար, չնայած այդ փաստերին իրենք վաղուց պիտի տեղյակ լինեին: Եվ Ավետիս Հայրապետյանը հարկադրված էր բոլորին բացատրություններ տալ: Իսկ բացատրություններն այսպիսին են: Այգու` Զեյթուն թաղամասին ու «Ալմաստ» գործարանին հարող տարածքում «Հայագրոէկոլոգներ» հասարակական կազմակերպությունը կենսաբազմազանության պահպանման եւ էթնոգրաֆիկ գոտու ստեղծման հատուկ ծրագիր է իրականացնում: Ավետիս Հայրապետյանը միաժամանակ այդ կազմակերպության նախագահն է: Ըստ ծրագրի, այստեղ աճեցնելու են Հայաստանի ծառաթփային, ծաղկային բազմազանության բոլոր արժեքավոր, ներառյալ էնդեմիկ տեսակները, որոնք հավաքագրելու են հատուկ գիտարշավների ընթացքում:

Այսինքնՙ միաժամանակ գենոֆոնդի պահպանության խնդիր են իրականացնելու: Ծրագրի ամենահետաքրքրական հատվածը սակայն առջեւում է: Էնդեմիկ ծառ ու թփերի հարեւանությամբ կառուցվելու են միահարկ կամ երկհարկանի ազգագրական 15 տնակներ` ամեն մեկը Հայաստանի մարզերից որեւէ մեկի ճարտարապետության յուրահատկությամբ: Մի խոսքով, փոխտնօրենի խոսքերով, տարածքը նաեւ էկոտուրիստական կենտրոնի է վերածվելու: Եթե ավելի պարզ արտահայտվենք, բուսաբանական այգու այս հատվածում վեր է խոյանալու հյուրանոցային համալիր, որը, շրջակայքի էնդեմիկ հրաշալիքներով միանգամից յոթաստղանի հյուրանոցի հավակնություններ կարող է ներկայացնել:

Տարօրինակ է, որ բուսատեսակների գենոֆոնդի պահպանման խնդիրը լուծվելու է բացառապես էլիտար տնակների անմիջական հարեւանությամբ: Բույսն էլ կենդանի օրգանիզմ է, եւ հյուրանոց-տնակների անցուդարձն անպայման բացասաբար կանդրադառնա նրա աճի ու զարգացման վրա: Առավել անհեթեթ է էկոտուրիզմ ներկայացնել մայր միջավայրից կտրած էնդեմիկ ծառերով ու թփերով սահմանափակ տարածքում:

Ամեն ինչ իրականացվել է ըստ հարկի, փաստաթղթային ձեւակերպումներով: Դիմել են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի վերջինս միջնորդի եւ քաղաքապետարանը հավանություն տա ծրագրին: Եվ քաղաքապետարանը 5 հա հող է հատկացրել: Նախագծային աշխատանքները, սակայն, չեն հասցրել 1 տարում ավարտել, բանակցությունները շարունակել են հաջորդ տարիներին ու շինարարության թույլտվություն ստացել:

Էկոլոգիական փորձաքննության համար նույնիսկ հասարակական լսումներ են կազմակերպել: Փոխտնօրենը ներկայացնում է այն անձանց ու անհատների ցանկը, ովքեր մասնակցել են այդ լսումներին, Սուխուդյան Գագիկ` ԱԺ անկախ փորձագետ, Մանթաշյան Դավիթ` փաստաբան, Սարապյան Տիգրան, Եղիազարյան Ռուբեն` ճարտարապետներ, Գազարյանց Մարինա` «Բիոէկոմեդ» հասարակական կազմակերպություն եւ այլն: Ցուցակում զարմանալիորեն չհանդիպեց հանրահայտ էկոլոգիական կազմակերպություններից ոչ մեկի անունը, ցանկն ավելի առատ էր ճարտարապետների անուններով, որոնցից մեկն այժմ կառուցվելիք տնակների հեղինակներից է...

«Այդ հատվածը ծառազուրկ ու ջրազուրկ տարածք է եղել, այնտեղ նույնիսկ ծառ չի եղել, որ հատվի: Հատվել է դիմացի տարածքը, ուր հիմա մացառուտներ են», ասում է փոխտնօրենը: Հիշեցնենք, որ աշնանը բուսաբանական այգու հենց այս հատվածում անսպասելի հրդեհներ բռնկեցին, որոնց անդրադարձավ նաեւ «Ազգը»: Իհարկե, այն ժամանակ միայն աղոտ ենթադրություններ եղան այգու այս հատվածում իրականացվելիք կառուցապատումների մասին: Այսօր պատմությունը շարունակվում է:

Այգու իսկապես ամուլ (թե՞ ամլացված) հատվածում արդեն շինարարական տեխնիկա է հայտնվել, սկսվել են հիմքերի փորման աշխատանքներ: Երեկվա դրությամբ, սակայն, շինարարական աշխատանքները դադարեցվել էին: Հեղինակները պիտի սպասեն ծրագրի գլխին կախված մութ ամպերը պարզվելուն:

Անկախ ամեն ինչից, Երեւանի երեւի ամենաանհավանական ու ամենաանթույլատրելի հատվածում հյուրանոցային համալիր կառուցելու գաղափարը անհնար է առանց բարձր հովանավորության: Դատելով ըստ ամենայնի, այգու այս հատվածին էլ սպասում է մյուս` մուտքին հարող հատվածի ճակատագիրը, ուր կեցության իրավունքը վաղուց հաստատել է «Դրախտ» ռեստորանը: Այդ ռեստորանի գրաված տարածքը մի ժամանակ այգու սահմաններում էր:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4