«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՏԵԽՆՈՊԱՐԿ

Կառավարությունը երեկ հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագրին, որի մանրամասների մասին լրագրողներին պատմեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը: Նա նշեց, որ տեխնոպարկերը ստեղծվում են ինովացիոն ծրագրերի իրականացման, բարձր տեխնոլոգիաների ներդրման նպատակով, որոնք հիմք են ստեղծում գիտության վրա հիմնված արտադրության զարգացման համար: Տեխնոպարկն, ըստ էության, փոքր եւ միջին ձեռնարկությունների ինկուբատոր է, որը կարեւոր նշանակություն կունենա Գյումրու զարգացման համար: Այն կստեղծվի «Անալիտսարք-1» ձեռնարկության հիման վրա:

Տեխնոպարկում գործող ձեռնարկությունների համար տրամադրվելու են տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայություններ, նրանց են փոխանցվելու նոր տեխնոլոգիաներ: Այս կառույցը կլինի բաց բաժնետիրական ընկերություն, սակայն կարժանանա պետության աջակցությանըՙ ընդհուպ փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության կենտրոնից գումարների տրամադրումը: Կառավարությունը կձգտի նաեւ ներդրումներ ներգրավել միջազգային կազմակերպություններից: «Նախատեսվո՞ւմ են արտոնյալ ռեժիմներ կամ հարկային պայմաններ Գյումրու տեխնոպարկի համար» հարցին Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ հետագայում նախատեսվում են համապատասխան օրենքներ ընդունել տեխնոպարկերին զեղչային կամ արտոնյալ ռեժիմներ տրամադրելու, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների մասին:

2006 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդի հաշվին 67 մլն 500 հազար դրամ է հատկացվել կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչությանըՙ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման նպատակով տարածքի գեոդեզիական նկարահանումների եւ երկրաբանական հետազոտությունների իրականացման, նաեւ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Համաձայն կառավարության մամլո հաղորդագրության, նման որոշում է կայացվել երեկ կառավարության նիստում: «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման անհրաժեշտությունը կապված է Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի իրականացման հետ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4