Հր. Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատությունն ամփոփված
Հր. Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատության առաջին հատորը լույս տեսավ 1951 թ., մեծ դժվարությամբ: Հետագայումՙ մինչեւ 1970-ական թվականները լեզվաբանի գիտական ժառանգորդի` ակադեմիկոս Էդ. Աղայանի խմբագրությամբ եւ աշխատասիրությամբ հրատարակվեց եւս 6 հատոր:
Գ. Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ Երեւանի պետհամալսարանի հրատարակչությունն ավելի քան 30-ամյա ընդմիջումից հետո` 2005 թ. լույս ընծայեց «Լիակատար քերականություն հայոց լեզվի» վերջին հատորը (իմաստաբանություն, բառաքննություն, շարահյուսություն), որով փաստորեն ամբողջացվեց գիտական-լեզվաբանական կոթողային այս աշխատությունը` շնորհիվ լեզվաբաններ, ԵՊՀ պրոֆեսորներ Սերգեյ Գալստյանի եւ Խաչիկ Բադիկյանի երկամյա մանրակրկիտ եւ շնորհակալ գործունեության:
Հարգարժան լեզվաբանների հետ այս առիթով մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- Տեխնիկական մտածողության մեր ժամանակներում հումանիտար գիտությունները որոշակիորեն նահանջ են ապրում: Այսօր հայագիտության համար պայմաններն ավելի քան աննպաստ են` անհոգածու վերաբերմունք եւ անտարբերություն: Ձեր կատարած աշխատանքը տուրք է մեծավաստակ լեզվաբանի գիտական ժառանգությանը եւ նպաստ հայագիտությանը:
Սերգեյ Գալստյան- Հր. Աճառյանի արածը ժամանակի հայ լեզվաբանության մեջ եղել է գիտական տեսակետից բարձրագույն գագաթը: «Արմատական բառարանը», որ հրատարակել է մոմաթղթով, ժամանակի լեզվաբանները գնահատել են որպես լավագույն. ոչ մի ժողովուրդ նման բառարան չունի:
Խաչիկ Բադիկյան- Հարցն այն է, որ համադրական քերականությունն այն ժամանակ շատ տարածված չէր` տիպաբանական տեսակետից աշխարհի տարբեր լեզուների տվյալները ի մի բերել` տեսնելու դրանց տարբերությունները: Նախապես Աճառյանը աշխատանքը պետք է կատարեր 600 լեզուների համեմատությամբ, սակայն չնայած իր խորը պրպտումներին (համագործակցում էր Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսորների, եվրոպական, ամերիկյան մի շարք լեզվաբանների հետ, աշխատել է Պետերբուրգի, Մոսկվայի գրադարաններում), նրան չհաջողվեց 38 լեզուների քերականությունը գտնել, որի համար շատ ափսոսում էր:
«Լիակատար քերականություն հայոց լեզվի» նախորդ հատորների, որ Աճառյանի 40-ամյա ուսումնասիրության արդյունքն են, հրատարակության պատրաստելու աշխատանքը հանձնարարված էր Աճառյանի գիտական ժառանգորդին` Էդ. Աղայանին: Դրանք լույս տեսան նախնական հերթականությունը չպահպանված. զանազան պատճառներով չէին ուզում ներածությունը տպագրել, որտեղ Աճառյանն այդ ժամանակվա ընդունված կարծիքները չէր պաշտպանում: Աճառյանը երեխայի պես ուրախանում էր, երբ իր աշխատանքներից որեւէ մեկը հաջողվում էր տպագրել: Այդ պատճառով Աղայանին արտոնել էր փոփոխություններ անել, որպեսզի կենդանության օրոք թեկուզ մեկ-երկու տպված գիրք տեսներ:
Առաջին հատորներում Աղայանը հավելումները նրա հետ համաձայնեցնում էր, այդ հատորներում որոշ հատվածներ գրել է Աղայանը: Աճառյանի մահից հետո Աղայանը խստագույն սկզբունք ընդունեց` իր բոլոր հավելումները վերցնել անկյունավոր փակագծի մեջ: Մենք եւս հետեւեցինք այդ սկզբունքին, թեեւ մեր ձեռքը ոչ թե պատրաստի աշխատանք, այլ անմշակ նյութեր ընկան:
- Բնագրերի հետ տարվող աշխատանքային ծավալը նկատի առնելով` ինչպիսի՞ դժվարություններ եք ունեցել:
Ս. Գ.- Աճառյանի դուստրը` Քնարիկը մեզ տրամադրեց ձեռագրերի մեքենագրված երկրորդ օրինակը (առաջինը չգտնվեց), որի վրա տարբեր ձեռագրերով նշումներ կային, եւ հարկավոր էր տարբերակելՙ որն է Աճառյանինը, որոնք են հետագայում արվել: Բարեբախտաբար, գտնվեցին բառաքննության եւ շարահյուսության բաժինների ձեռագրերը (իմաստաբանության մի մասը չգտնվեց): Եվ հնարավորություն ունեցանք մեքենագրված տեքստը համեմատելու ձեռագրայինի հետ: Թեեւ Աճառյանը մեծ մասամբ գրել է հին ուղղագրությամբ, բայց մեքենագրված տարբերակը նոր ուղղագրությամբ էր, նույնիսկ գրաբար տեքստերը: Ստիպված էինք բոլորը համեմատել ձեռագրերի, եթե պահպանվել էին, իսկ եթե ոչ` մեքենագրված բնագրի հետ: Մեջբերումների համառոտագրությունները, բարեբախտորեն, համընկնում էին «Արմատական բառարանի» համառոտագրությունների հետ, որով կարողացանք գտնել համեմատելի աղբյուրները: Բնականաբար, մենք իրավունք չունենք Աճառյանի տեքստում որեւէ փոփոխություն կատարելու` անկախ մեր հայացքներից, որ կարող էին չհամընկնել: Բայց բացթողումներ կային կամ անհասկանալի համառոտագրություններ, որ վերականգնել ենք:
Հր. Աճառյանը սիրում էր փոքրիկ թղթերից մինչեւ տետրերի կազմերը օգտագործել: «Արմատականի» հատորները անձամբ ինքն էր բաժանորդներին բաժանում` յուրաքանչյուրից 1 ռ. վերցնելով եւ դրա համար մոմաթղթով ստացականի ձեւեր էր մեքենագրել: Ըստ երեւույթին, բոլոր օրինակները չէ, որ վաճառվել են, եւ բոլոր ստացականները չէ, որ իրացվել են, դրանց հետեւում անգամ գրել է: Ինքն ակադեմիկոս էր, նախագահության անդամ եւ նախագահության նիստերի արձանագրությունների սեւագրությունների (որ տրվել էին իրեն նայելու` որպես լեզվաբանի) դատարկ տեղերում անգամ գրել է: Թուղթն այդ ժամանակ շատ սուղ էր, եւ Աճառյանը օգտագործել է ամենափոքր հնարավորությունն անգամ: Հարկավոր էր այդ թղթիկները վերադասավորել ըստ թեմաների, ենթաթեմաների: Նույնիսկ տարբեր ածանցների վերաբերյալ դիտողություններ կան նշված, դրանք եւս հավաքեցինք եւ որպես հավելված զետեղեցինք հատորում: Ըստ որում, հետագայում լեզվաբանության մեջ կատարված որոշ գյուտերի վերաբերյալ Աճառյանն արդեն գրել էր, եւ դրանց մասին տեղեկություն ժամանակին լեզվաբանները չունեին:
Պատրաստվել է նաեւ հատորի գիտական ապարատը` նշումները, մեջբերումները, օգտագործված լեզուների ցանկը, տվյալները: Այն, ինչ պետք է լույս տեսներ 8,9,10 հատորների տեսքով, մենք ամփոփեցինք մեկ հատորյակի մեջ, որովհետեւ նյութերը քիչ էին. այսպիսով «Լիակատար քերականությունը» ամբողջացվեց: Կատարվածը դասական իմաստով իսկական բանասիրական աշխատանք էր` տեքստաբանական եւ լեզվաբանական առումով:
Խ. Բ.- Խոսք եղավ թղթի մասին: Իրոք դժվարությամբ էր թուղթ ճարվում: Աճառյանի «Հայոց լեզվի պատմություն» երկհատորյակով աշխատության տպագրությունը անընդհատ ձգձգվում էր` պատճառաբանելով թղթի խիստ սակավությունը: Իրականում չէին ուզում Աճառյանին հրատարակել, 1940-ականներից հետո հատկապես: 1949-ին համալսարանում դասավանդելուց նրան զրկել էին: Աճառյանը մեծություն էր, եւ ստիպված էին մեկ տարի հետո վերականգնել: Հրատարակության խմբագիրը Ռուբեն Զարյանն էր, եւ հետաձգումը պատճառաբանում էին, թե լավ թղթի վրա են ուզում տպագրել: Աճառյանն ասում է` դուք գիրքը հրատարակեք, թեկուզ շաքար փաթաթելու թղթի վրա:
- «Լիակատար քերականության» նախորդ հատորները լույս են տեսել բավական մեծ տպաքանակով (10000 օրինակ): Քիչ չէ՞ արդյոք վերջին հատորի 300 օրինակ տպաքանակը:
Ս. Գ.- Հատորի տպագրությունը հովանավորել է Գյուլբենկյան հիմնարկությունը, ընդհանուր ֆինանսավորումից մաս պետք է հանվեր նաեւ հրատարակչության աշխատողներին: 300 օրինակի սպառվելու պարագայում որոշվեց կրկին վերահրատարակել:
Խ. Բ.- Ֆինանսները չբավարարեցին ավելի մեծ տպաքանակի համար (թեկուզ 500 օրինակի): Մենք ի պատիվ Աճառյանի առանց վարձատրության էլ մեծ սիրով կաշխատեինք, որը մեր հոգու պարտքն է նաեւ: Բայց խոստացան վարձատրություն, 2 տարվա բնագրային նման աշխատանքից հետո վարձատրվեցինք իբրեւ խմբագիրներ, երբ մենք կազմել էինք հատորը, ձեռագրերն ուսումնասիրել, պակաս էջերը վերականգնել: Այդ ամենի համար տրված մեկ ամսվա աշխատավարձից պակաս գումարը վիրավորական է: Սակայն կարեւորն այն է, որ արեցինք Աճառյանին նվիրված մի լավ գործ` աշխատությունը բերելով գրեթե ամբողջական տեսքի: Չտպագրված որեւէ աշխատություն Աճառյանից արդեն չկա: Մամուլի տակ է նրա «Պարսից լեզվի պատմությունը», որ շուտով պետք է լույս տեսնի:
Ս. Գ.- Եվս մեկ կարեւոր հարցի մասին` մեր նշանավոր գործիչների արխիվները պահպանվում են պետական արխիվում: Աճառյանի արխիվը տնային է առ այսօր: Քնարիկը սրտի թրթիռով է պահում ամեն մի թերթ, մի հուշ, բայց 2 սենյակում բազմանդամ ընտանիք է ապրում եւ պատահականություններ լինում են: Իմաստաբանության կորած ձեռագրերը լուրջ կորուստ են: Առաջարկում ենք կառավարությանը Հր. Աճառյանին վայել մի թանգարան ստեղծել, որտեղ պահպանվի նրա գիտական-գրական ժառանգությունը:
- Պրն Գալստյան, ժամանակին դուք կազմել էիք «Հայոց լեզվի բառակազմական բառարան», ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ աշխատությունը:
Ս. Գ.- 1991-92-ին սկսվեցին հրատարակչական աշխատանքները, եւ առաջին հատորը մինչեւ «Ծ» տառը ներառյալ 5000 օրինակով տպագրվեց համալսարանի տպարանում: Հետո պարզվեց, որ տպարանի աշխատողներն այդ 5000 օրինակը աստիճանաբար տարել ու վառել են տունը տաքացնելու համար: Բարեբախտաբար, ձեռագիրը մնացել էր, իսկ տպարանի տնօրենը տպագրված մեկ օրինակ վերցրել էր իր համար: Մխիթարվեցինք, որ այդ տարիներին գոնե բառարանը օգնել է որոշ ընտանիքների, որ երեխաները ցրտից չսառչեն: Գրեթե նույն թվականներին հայոց լեզվի ամբիոնի այն ժամանակվա վարիչ Աշոտ Սուքիասյանի հետ սկսեցինք աշխատել (ներգրավելով ամբիոնի եւս մի քանի լեզվաբանների) «Հայոց լեզվի բացատրական նոր բառարանի» վրա (քառահատոր, 25-ական մամուլով` շուրջ 100 մամուլ ընդհ. ծավալով): Դա Աղայանի բառարանի համեմատությամբ 100.000-ով ավելի բառ է պարունակում` 250.000 (Աղայանինը` 135.600 բառ եւ 11.000 դարձվածաբանական միավոր):
Դեռեւս 2001-ին «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ցանկություն հայտնեց դրանք տպագրելու: Առաջին հատորը պատրաստ է տպագրության, երկրորդի կեսը շարվածքային վիճակում է, սակայն տպագրությունը տարիներ շարունակ ձգձգվում է (ենթադրվում է` ֆինանսական պատճառներով, քանի որ պետական գործից դարձել է մասնավոր -Մ. Բ.): Երրորդ, չորրորդ հատորները հավաքել եւ պահում եմ ինձ մոտ, հրատարակության կհանձնեմ առաջին հատորը տպագրվելուց հետո միայն:
Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ