«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ՓԱՅԼՈՒՆ ՀԱՄԵՐԳ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Իմ գործընկերներից մեկը` Նատալյա Գոմցյանը Հովհաննես Չեքիջյանին կոչել է հայ մշակույթի ասպետ: Աշխարհահռչակ մաեստրոն իր կեսդարյա գործունեության ընթացքում բազմաթիվ ընտիր բնութագրումների է արժանացել: Սակայն այս մեկը` հայ մշակույթի ասպետը շատ հոգեհարազատ է իրեն, որովհետեւ, իսկապես, միջնադարյան ասպետների նման նա աննահանջ է գործում, նվիրական է Աստծո պատգամին: Ու եթե հիմա Հովհաննես Չեքիջյանի մասին մի նոր, բարի խոսք է ասվում, ապա սոսկ եղածի հավաստումն է: Մեր խոսքի եւս մեկ հաստատումը երկու օր առաջ Մոսկվայում կայացած համերգն է, որն անցկացվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության տարվա շրջանակում:

Մոսկվայի սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մարտի 1-ին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ ներկայացրեց Եկմալյանի, Սահառունու, Կոմիտասի, Հենդելի, Մոցարտի, Չայկովսկու, Նովիկովի, Վերդիի, Ռոսսինիի ստեղծագործություններից: Համերգը եզրափակվեց հայկական «Հայր մերով», որն իսկապես հայտնություն էր գոնե ռուս ունկնդիրների համար: Եվ պատահական չէ, որ մեկուկես ժամից ավելի տեւած համերգն անցավ ասես էլեկտրանացած սրահում:

Համերգից հետո աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկը` Իրինա Արխիպովան, որը ժամանակին մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի երգչախմբի հետ, ընտրում էր ռուսերենի լավագույն ածականները կապելլային եւ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին շնորհավորելու համար: Իսկ երգչախմբային արվեստի գիտակ Սվյատոսլավ Բելզան այս համերգը իսկական ռումբ համարեց արվեստի դաշտում այսօր ամեն վայրկյան պայթող ճայթյունների կողքին: Հայաստանի 2-րդ եւ մոսկովյան «Культура» հեռուստաալիքները նկարահանեցին ողջ համերգը եւ հույս ունենք, որ մոտ ժամանակներս մենք առիթ կունենանք գոնե հեռուստատեսությամբ դիտելու այդ հրաշալի ելույթը:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության տարվա իրադարձությունները լուսաբանելու համար հավատարմագրված ժուռնալիստների համար մամլո ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ Հովհաննես Չեքիջյանը եւ երգչախմբի տնօրեն Գեղամ Մելիքսեթյանը ներկայացրին իրենց անմիջական տպավորությունները: Թեեւ համերգից հետո մեկ օր անգամ չէր անցել եւ մամլո ասուլիսի մասնակիցները հոգնությունը դեռ չէին թոթափել, այնուամենայնիվ աննկուն ժուռնալիստները կրակի տակ առան երգչախմբի գեղարվեստական ղեկավարին եւ տնօրենին: Դա իր պատճառն ուներ:

Բոլորովին վերջերս ամենահակասական գնահատականների արժանացավ մշակույթի տարվա գալ-համերգը: Իսկ այս համերգից հետո Երեւան վերադարձած արվեստագետներից ոմանք խիստ դժգոհել էին այդ գալա-համերգի ե՛ւ որակից, ե՛ւ կազմակերպիչներից: Այս անգամ, իհարկե, որակի մասին խոսելու հարկ չկար, որովհետեւ մոսկվացիների առջեւ ելույթ էր ունեցել հայ երաժշտական արվեստի ամենահարգի եւ պրոֆեսիոնալ խմբերից մեկը: Իսկ Մաեստրոն ու երգչախմբի տնօրեն Գեղամ Մելիքսեթյանը շատ գոհ էին մոսկովյան կազմակերպչից` «Ինտեր-կուլտուրա» կազմակերպության նախագահ Սուրեն Շահումյանից:

Իսկ աննկուն ժուռնալիստներին շատ ավելի ուրիշ հարցեր էին հետաքրքրում: Պետական ակադեմիական երգչախմբի 45 տարվա անփոփոխ ղեկավար Հովհաննես Չեքիջյանը որեւէ հատուկ ակնկալիքներ չունի մշակույթի այս նոր նախարարից եւս: Միայն մեկ բան է ուզում` որ ե՛ւ մշակույթի նախարարությունը, ե՛ւ նախարարը չխանգարեն կապելլային եւ իրեն, ինտրիգներ չհրահրեն: Ճիշտ է, գրեթե 100-ի հասնող երգչախմբի անդամներից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը այսօր չի անցնում 16 ու կես հազար դրամի սահմանը, սակայն մաեստրոն համոզված է, որ ոչ մեկը ուրիշ տեղ գնալու ցանկություն չունի... Հարցեր շատ կային, որոնց համարժեք պատասխաններ եղան: Հիմնականն այն էր, որ նշվեց այս փայլուն համերգի փաստը:

Հույս ունենանք, որ տարվա ընթացքում այսպիսի հրաշալի պայթյուններ դեռեւս շատ կլինեն Ռուսաստանի Դաշնությունում:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4