«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸՙ ՀՈՒՆԻՍԻՆ

Հայաստան-սփյուռք հոգեւոր մշակութային կապերի ամրապնդման, հայկական մշակույթի միասնական ներկայացման, համագործակցության զարգացման եւ խորացման նպատակով 2004 թ. Հայաստանում եւ Արցախում անցկացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային անդրանիկ փառատոնը: Փառատոնի անցկացումը եւ գաղափարն այնքան արդիական էին, որ առաջարկվեց դարձնել ավանդական ու անցկացնել երկու տարին մեկ: Եվ ահա օրերս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ կայացավ 2006 թ.-ին Հայաստանում անցկացվելիք համահայկական միջոցառումների պետական հանձնաժողովի նիստ, որտեղ էլ հաստատվեց համահայկական միջոցառումների ցանկն ու որոշվեց երկրորդ համահայկական մշակութային «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացնել հունիսի 23-30-ը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:

Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը: Արդեն մեկ շաբաթ փառատոնի աշխատանքները համակարգող խումբն առաքել է պաշտոնական հրավերները համահայկական բոլոր կառույցներին. արտգործնախարարության միջոցով պաշտոնապես հրապարակվել են փառատոնի հրավերի հայտարարությունը, պայմանները, եւ ինչպես տեղեկացրեց համակարգող խմբի անդամ տկն Թամարա Պողոսյանը. «Մինչեւ մայիսի 1-ը հիմնական մասնակիցների եւ պատվո հյուրերի ցանկը հաստատված կլինի: Բավականին բազմաշերտ աշխատանքներ են տարվում, աշխատակազմն աշխատում է ծանրաբեռնված, եւ կարծես թե մենք կարողանում ենք համահայկական երեք մշակութային կառույցների (Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Թեքեյան մշակութային միություն, Համազգային հայ կրթական մշակութային միություն) միջոցով համակարգել այդ աշխատանքներն արտգործնախարարության եւ դեսպանատների միջոցով: Մի խոսքով, սփյուռքի բոլոր կառույցները ընդգրկված են այս աշխատանքների կազմակերպման գործում: Բացի այդ, նաեւ հրավերներ են ուղարկվում անհատներին եւ ակնկալում ենք, որ մինչեւ մարտի 15-ը կավարտվի հայտերի ուղարկման գործընթացը: Այս տարվա փառատոնն առանձնանում է նախորդից, քանի որ այս տարի մենք տոնում ենք Հայաստանի անկախության 15-ամյակը, եւ պատահական չէ, որ փառատոնի բոլոր միջոցառումներում որպես սկզբունքային կարեւոր պահանջ պիտի լինի մեր անկախության ու պետականության արժեւորման խնդիրը»:

Տկն Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն հայտարարված է երկու մրցույթՙ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման, փառատոնի բացման եւ փակման հանդիսավոր արարողությունների կազմակերպման համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4