«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ՆԱՐ-ԴՈՍԸՙ ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ

Բուլղարահայ մտավորական, թարգմանիչ Հակոբ Օրմանջյանի թարգմանությամբ Պլովդիվի «ADG» հրատարակչությունը լույս է ընծայել Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակների եւ պատմվածքների ժողովածուն:

Հակոբ Օրմանջյանը դեռ 1975 թ.-ից Հրանտ Մաթեւոսյանի «Նարինջ զամբիկը» ժողովածուի թարգմանությամբ հայ, մասնավորապես, արդի շրջանի գրականությունը բուլղարերեն ներկայացնելու գործունեության լուրջ հայտ ներկայացրեց: Մինչ այսօր նա բուլղարալեզու ընթերցողի դատին է հանձնել հայ արձակի շուրջ 30 ստեղծագործություններ (Զ. Խալափյան, Վ. Պետրոսյան, Աղ. Այվազյան, Ս. Խանզադյան, Խ. Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Կարեն Սիմոնյան, Մկրտիչ Սարգսյան, Մ. Սարյան): Օրմանջյանի թարգմանական հետաքրքրությունները, սակայն, չեն շրջանակվում միայն ժամանակակից գրականության սահմաններում: Նրա հայացքն ընդգրկում է ինչպես հայ դասական (Րաֆֆի, Շիրվանզադե) արձակը, նաեւ մեր վաղ անցյալի գրական մշակույթը (Ագաթանգեղոսՙ «Հայոց պատմություն»):

Վերջին հրատարակությունըՙ Նար-Դոսի «Աննա Սարոյան» ժողովածուն, նվիրված է հայոց գրերի գյուտի 1600-ամյա հոբելյանին: Թարգմանչի առաջաբանում ներկայացվում է գրողի կենսագրական տվյալները եւ Նար-Դոսի ստեղծագործություններին ընդհանուր մի ակնարկ: Ժողովածուն ընդգրկում է գրողի «Սպանված աղավնի», «Աննա Սարոյան», «Տանտիրոջ աղջիկը» վիպակները, «Ինչպես բժշկեցին», «Ես եւ նա», «Սաքուլն ուխտ գնաց», «Նեղ օրերից մեկը», «Սեւ փողերի տոկոսը» եւ այլ պատմվածքներ:

Գրքի շապիկինՙ XIX դարի թիֆլիսահայ նկարիչ Հակոբ Հովնաթանյանի դիմանկարների շարքը վերարտադրում է նաեւ Նար-Դոսի ապրած եւ ստեղծագործած թիֆլիսյան միջավայրը:

Հայ դասականի ստեղծագործությունների բազմալեզուՙ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն, արաբերեն թարգմանություններին ավելացավ եւս մեկըՙ բուլղարերենըՙ շնորհիվ Հակոբ Օրմանջյանի վերաբերմունքին ու գուրգուրանքին հանդեպ հայ գրականությունը, որ տածում է նաՙ ապրելով օտար հողում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4