ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է, որ 2007 թ-ի աշնանը կավարտվի «Ջերարդ Լ. Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի թանգարանի շինարարությունը, որն սկսվել է նախորդ տարվա գարնանը:
Ըստ նախագծի` թանգարանի հիմնական կառույցը կընդարձակի Կասկադը, որն արտաքին աստիճաններով եւ ներքին շարժասանդուղքով իրար է կապում Թամանյանի պուրակը եւ Արաբկիր համայնքը: Թանգարանի շենքը կպարունակի նաեւ հանրային հանգստավայրեր, դեկորատիվ լողավազան, քանդակներ, այգիներ, սրճարան եւ բացօթյա կինոթատրոն, որոնք կհյուրընկալեն պատահական անցորդներին ու թանգարանի այցելուներին: Քսանհինգ մետր բարձրությամբ ապակե աշտարակում կհանգրվանի Ջ. Գաֆեսճյանի ապակե հավաքածուն, որն ընդգրկում է ճանաչված ապակեգործներ Ստանիսլավ Լիբենսկիի եւ Յարոսլավա Բրիխտովայի աշխատանքները: Թանգարանի մշտական ցուցադրությունները կներառեն 20-րդ դարի նկարչության եւ քանդակագործության նշանավոր նմուշներ: