«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ՎԻԿՏՈՐ ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉԻ ԿՈՐԾԱՆՎԵԼ

Գիտությունների ազգային ակադեմիայի Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Լ. Մանվելյանը արձագանքել է «Ազգում» տպագրված «ՄԱԿ-ի փորձագետների արածը յուրօրինակ գրագողություն է» հոդվածում ֆիզիոլոգիայի ինստիտուտին տված Սեներիկ Հայրապետյանի գնահատականին, որը նախապես քննարկվել է ինստիտուտի գիտական խորհրդում: Տնօրենը նախ դժգոհություն է հայտնել Վիկտոր Ֆանարջյանին տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ հոդվածում թյուրիմացաբար տեղ գտած վրիպումից, որի վերաբերյալ «Ազգն» արդեն ճշտում է տվել:

Հոդվածում Հայրապետյանի արտահայտած այն միտքը, թե ինստիտուտը Ֆանարջյանից զրկվելուց հետո դատապարտվել է վերջնական կործանման, տնօրենը նույնպես հերքում է: «Ֆիզիոլոգիայի ինստիտուտը ոչ թե «կործանվել է», այլ շարունակել ու շարունակում է գործել գիտական բարձր արդյունավետությամբ: Դրա վկայությունն են վերջին 3 տարիներին միջազգային տարբեր մասնագիտական հանդեսներում հրապարակված 179 գիտական աշխատանքներն ու 2 մենագրությունները: Այդ են վկայում նաեւ արտերկրի ճանաչված գիտնականների մասնակցությամբ ինստիտուտում կազմակերպված մի շարք գիտաժողովները եւ ինստիտուտի աշխատակիցների ակտիվ մասնակցությունը արտասահմանում հրավիրված միջազգային գիտաժողովներին: Դրանք հիմք են հանդիսացել Ֆանարջյանի մահից հետո ընկած ժամանակահատվածի համար ֆիզիոլոգիայի ինստիտուտի մասին ՀՀ ԳԱԱ նախագահության 11.11. 2005 թ. ընդունած որոշմանը, ուր նշվում էՙ քննարկելով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական եւ գիտակազմակերպչական գործունեությունը, ակադեմիայի նախագահությունը որոշում է հավանություն տալ ֆիզիոլոգիայի ինստիտուտի 2003-2005 թթ. գործունեությանը», նշված է գիտական խորհրդի «Ազգին» ուղարկած նամակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4