Խորհրդարանում կասկածներ կան այս առնչությամբ
Հայագիտության ամբիոնների առկայությունը նաեւ ոչ հայաստանյան հաշված բուհերումՙ ամենեւին էլ ապացույց չէ հայագիտության չվտանգված լինելու: Մեզանում տեղ գտած մեր մշակույթին ճիշտ հակառակ կենցաղավարության ու մտածողության տարրերը, որ արտահայտվում են կյանքի բոլոր բնագավառներում, արդեն իսկ հայագիտությունը վտանգում ենՙ խարխլելով հայագիտության հիմք եւ կրող տեսակը: Մտահոգություններն այդ առնչությամբ գոնե բարձր ամբիոններից հնչում են եւ մշտապես փաստվում է ուշադրության, ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը: Եվ փույթ չէ, որ տեղաշարժ, առավել եւս արդյունք չի գրանցվում: Վերջին ձեւակերպումն արդարացի կարող է լինել միայն խորհրդարանում հնչած հարցի համատեքստում. «Իսկ ինչո՞ւ պետք է հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության դասաժամերն օտար լեզուների դասավանդմանը տրամադրվող ժամերից ավելի լինեն»: Բարեբախտաբար նշվածի անհրաժեշտությունը գիտակցողները Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ավելին են, քան այն կասկածի տակ առնողները: Այս խնդրի առնչությամբ հարց եւ երկընտրանք չունեցող պատգամավորների մի ստվար խումբ առաջարկում է հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը պարտադիր դարձնել բոլոր ուսումնական հաստատություններում եւ բուհերում ավարտել ստուգարքով կամ քննությամբ: Պատգամավոր Լեւոն Մկրտչյանի հավաստմամբ. «Այսօր հայ ժողովրդի պատմություն առարկան ավագ դպրոցում լղոզվում է հասարակագիտական առարկաների շարքում, հիմնական դպրոցում պակասում են առարկային տրված ժամերը»: Մտահոգությունները, թե հայոց լեզվի եւ պատմության դասավանդման կարգում արտոնություններն ու պարտադիր կարգը ոտնահարում են ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունը անհիմն համարեց Լեւոն Մկրտչյանըՙ վստահեցնելով, որ այն արդեն վտանգվել է բուհական խորհուրդներն անկախությունից զրկելով:
Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը փաստեց, որ հայ ժողովրդի պատմության դասաժամերը չեն պակասեցվել, սակայն գուցե իրոք պետք է ավելացնել: Նախարարը նաեւ վստահեցրեց, որ ոչ հայոց լեզվի եւ գրականության, ոչ էլ հայոց պատմության դասաժամերը չեն փոփոխվել հօգուտ որեւէ օտար լեզվի դասաժամերի եւ հայտնեց առաջարկի հեղինակների հետ իր համակարծությունը:
Ամեն դեպքում անհրաժեշտ եղավ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի անդրադարձը ոչ վաղ անցյալին, երբ Խորհրդային Միությունը փորձում էր ռուսերենի դասավանդումը վեր դասել հանրապետությունների ազգային լեզուներից եւ չնայած տարբեր չափի դիմադրությանը, եղան, մեղմ ասած, անցանկալի հետեւանքներ: ԱԺ փոխնախագահը նաեւ խնդրեց նախարարին պարզել, թե կա՞ արդյոք մի երկիր, որը օտար լեզուների դասավանդումը վեր է դասում պետական լեզվի դասավանդումից:
Դատելով ելույթ ունեցողների առաջարկների քանակից, կարելի է ասել, որ խնդրի անհրաժեշտությունը գիտակցված է խորհրդարանում, բայց միայն ներկայացված առաջարկը չի լուծի հայագիտության զարգացման եւ գործուն գիտական ուղղության մակարդակի բարձրացնելու հարցերը: Ինչեւէ, երեք օրենքներում փոփոխության օրինագծի քննարկումն ավարտվեց, իսկ քվեարկությունը կլինի հաջորդ քառօրյայում:
Լեւոն Մկրտչյանը վստահություն հայտնեց, որ առանց հիմնական բովանդակության փոփոխության օրինագիծն առաջին ընթերցմամբ կանցնի:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ