Ինտելեկտուալ խաղ, խորհրդարանում, երեկ
Երեկ խորհրդարանի գլխավոր իրադարձությունը ոչ թե նիստերի դահլիճում էր, այլ կանաչ նախասրահում: Պետք է պարզվեր շատ «սկզբունքային» մի հարց` արդյոք խորհրդարանականնե՞րն են ինտելեկտուալ, թե՞ լրագրողները: Ասենք միանգամից` հարցը լուծվեց հօգուտ լրագրողների, քանի որ 6 պատգամավորներից ու հավատարմագրված 6 լրագրողներից կազմված գիտակների թիմերի միջեւ անցկացված «Ի՞նչ, որտեղ, եր՞բ» ինտելեկտուալ խաղում 13:10 ընդհանուր հաշվով հաղթեցին վերջիններս: Խաղի նախաձեռնողներն էին «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Նաիրա Զոհրաբյանն ու երիտասարդ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը, կազմակերպիչը` Երեւանի «Գիտակներ» ակումբը, որի նախագահ Կարեն Քոչարյանն էլ հենց վարում էր խաղը, իսկ ակումբի անդամներից կազմված ժյուրին փորձեց բավական անաչառ «դատել» խաղը: Ընթերցողին անպայման կհետաքրքրի, թե ովքե՞ր էին պատգամավորական թիմի ինտելեկտուալները. Արմեն Աշոտյան, Թաթուլ Մանասերյան, Ռաֆիկ Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Գագիկ Ավետյան, Մանվել Բադեյան, Վլադիմիր Բադալյան (փոխարինեց):
Չնայած, ինչպես խաղը վարող Կարեն Քոչարյանն ասաց, հարցերին կարող էր պատասխանել յուրաքանչյուր տասնավարտ (անկախ նրանից` խաղը Մոսկվայում է, թե այլուր` այդպիսին են հարցերը), բայց լրագրողներն առավել բարձր մակարդակ ցուցադրեցին: «Պատգամավորները շանս ունեն հաղթելու, եթե կեղծիքներ թույլ տան», չնայած Վիկտոր Դալլաքյանի այս կատակին` վերջինս շատ էլ կարգին ու ակտիվ ցավքաշ էր (լրագրողների), եւ թիմերի պատասխաններից էլ առաջ դեռ ուներ համարյա հարցերի մեծ մասի պատասխանները:
Մրցամարտն էլ ավելի կարեւորել էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ինքն էլ ստուգեց լրագրողների եւ պատգամավորների ինտելեկտուալ մակարդակը` հարց առաջադրելով եւ երկու կողմերի պատասխաններն էլ անբավարար համարելով: Խաղին անգամ հյուրեր կային:
Հարցերը փիլիսոփայության, պատմության եւ այլ ոլորտներից էին, հնչեց մեկական լրագրողական եւ քաղաքական հարց: Երբ Գագիկ Ավետյանը վիճարկում էր լրագրողների տված պատասխաններից մեկը` հանդիսատեսների կորպուսից օրվա տրամադրությամբ մի կատակ հնչեց. «Եթե դիմադրիՙ 6-րդ վարչությունից մարդ ուղարկեք նրա տուն»: Մի խոսքով, երեկ ԱԺ կանաչ սրահում ավելի աշխույժ էր, քան դահլիճում, որտեղ հայագիտական ուղղվածության նախագիծ էին քննարկում: Արդար լինելու համար ասենք, որ ի վերջո պարտվողներն արժանապատվորեն շնորհավորեցին հաղթողներին: Երկու տեսակի մրցանակի շնորհում եղավ. Ռուբեն Հայրապետյանը գրքեր էր ուղարկել երկու թիմերին էլ, իսկ ԱԺ նախագահը գրիչներ (կին լրագրողներին` ժամացույց) նվիրեց լրագրողական թիմի անդամներին: Պարտվողներն իրենց գրքերը նվիրեցին գրադարանին, որպեսզի, Վլ. Բադալյանի բառերով, պատգամավորները լավ պարապեն եւ պատրաստվեն մյուս հնարավոր խաղին: Արմեն Աշոտյանն էլ շատ ոգեւորվեց ու հաղթող լրագրողական թիմի մասնակցությունը հնարավոր համարեց նաեւ այս տարվա ընթացքում կայանալիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» տարածաշրջանային խաղին: Ապագայում հնարավոր է նաեւ երեկվա թիմերի միջեւ մատչ-ռեւանշ:
Մ. Խ.