Շաբաթօրյա «Ազգի» մշակութային ներդիրի մեր ընթերցողներին առաջարկում ենք Լեռ Կամսարիՙ առավել քան այժմեական «Ազգային հիմն» անտիպ ազգային երգիծանքըՙ գրված այդ տարիներին օրհներգի ընդունման առիթով, սփյուռքահայ ազգային-կուսակցական գործիչ, մեծանուն հրապարակագիր Գերսամ Ահարոնյանի մահվան 25-րդ տարելիցի առիթով Հովիկ Յորդեքյանի հոդվածը, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի 100-ամյակի կապակցությամբ Վարուժան Պլուզյանի հուշ-ակնարկը:
Մեր այս էջերում այսուհետեւ կփորձենք թարգմանաբար ներկայացնել միջազգային այսօրվա մշակութային որոշ անցուդարձեր: Վաղվա համարումՙ կերպարվեստի նորությունների մասին:
Իտալացի աստվածաբան, «Ճիչ Արարատից. Արմին Վեգները եւ հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Ջիովանի Գուայտայի հետ հետաքրքրական զրույց է ներկայացնում Սուսաննա Մարգարյանը: Արդեն հայտնի է, որ ապրիլի 6-ին գրողների 3-րդ համահայկական համաժողովը տեղի է ունենալու Անթիլիասում, որի շուրջը կան տարբեր կարծիքներ: Այս առիթով մենք զրույցի ենք հրավիրել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, Մխիթարյան միաբանության վարդապետ Հ. Հարություն Պզտիկյանին եւ ամերիկահայ գրականագետ Երվանդ Ազատյանին: