«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2006-03-01 | #38, 2006-03-02 | #39, 2006-03-03


ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԸ ՉՀԱՆՁՆԵՑԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անփառունակ մրցելույթներ ունեցավ Կիպրոսի միջազգային 10-րդ մրցաշարում` չորս թիմերի մրցավեճում եզրափակելով աղյուսակը: Առաջին խաղում 0-2 հաշվով ռումինացիներին զիջելուց հետո մեր ֆուտբոլիստները նույնպիսի հաշվով պարտվեցին Կիպրոսի ընտրանուն: Արդեն 18-րդ րոպեին Օկասը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը, իսկ 61-րդ րոպեին Միխայելը 2-րդ գոլը խփեց: Այսպիսով, ՀՀ հավաքականը չհանձնեց կիպրոսյան ստուգարքը Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցախաղերից առաջ: Երկու հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Այս փաստը պետք է լրջորեն անհանգստացնի հավաքականի մարզիչներին: Եվ ընդհանրապես հարկավոր է լրջորեն զբաղվել հավաքականի կազմի ընտրության, նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հարցերով, որպեսզի չկրկնվի ընտրական նախորդ մրցաշարի տխուր պատկերը, երբ արդեն մեկնարկում մեր ֆուտբոլիստները ձախողվեցին` կրելով չորս անընդմեջ պարտություն:

Ի տարբերություն ՀՀ հավաքականի, ընտրական մրցաշարում նրա մրցակիցները բավական հաջող հանդես եկան: Կիպրոսում, մյուս խմբում ընդգրկված էին Ղազախստանի եւ Ֆինլանդիայի հավաքականները: Նրանց միջեւ կայացած խաղում գրանցվել էր ոչ-ոքի (0-0), իսկ 11 մ հարվածներով հաջողության էին հասել ղազախները (3-1): Եզրափակիչ խաղում Ղազախստանի հավաքականը ուժերը չափեց Հունաստանի ընտրանու հետ եւ զիջեց 0-2 հաշվով: Եվրոպայի չեմպիոնները դարձան 1-ին խմբի հաղթող: Իսկ 3-րդ տեղի համար մրցավեճում ֆինները 11 մ հարվածներով հաղթեցին Բելառուսի հավաքականին (հիմնական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի` 2-2):

Մեր խմբում մրցաշարի հաղթող դարձավ Ռումինիայի հավաքականը, որը 2-0 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մյուս մրցակիցները եւս ուժերը փորձարկեցին ընկերական մրցախաղերում: Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն: Բելգիացիներն էլ արտագնա խաղում 2-0 հաշվով առավելության հասան Լյուքսեմբուրգի ֆուտբոլիստների նկատմամբ: Պորտուգալիայի հավաքականը 3-0 հաշվով պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն: Իսկ ահա լեհերը սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեցին ԱՄՆ-ի ընտրանուն:

Ընկերական մյուս հանդիպումներից ուշագրավ է Իտալիայի հավաքականի կողմից Գերմանիայի ընտրանու ջախջախումը (4-1): Նշենք, որ նման խոշոր պարտություն գերմանացիներն իտալացիներից չէին կրել 1939 թ. սկսած, երբ զիջել էին 2-5 հաշվով: Արդեն 7-րդ րոպեին իտալացիները Ջիլարդինոյի եւ Տոնիի խփած գոլերի հաշվին առջեւում էին 2-0 հաշվով: Այնուհետեւ աչքի ընկան Ռոսին եւ Դել Պիեռոն: Եվ միայն 82-րդ րոպեին Խուտին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլիայի հավաքականը Մոսկվայում 1-0 հաշվով պարտության մատնեց ռուսներին: Բրազիլացիներին հաղթանակ պարգեւեց Ռոնալդոյի խփած միակ գոլը: Ադրբեջանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի (0-0) խաղաց ուկրաինացիների հետ:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Իսպանիա-Կոտ դ`Իվուար` 3-2, Վենեսուելա-Կոլումբիա` 1-1, Հարավային Կորեա-Անգոլա` 1-0, Մակեդոնիա-Բուլղարիա` 0-1, Ալբանիա-Լիտվա` 1-2, Սենեգալ-Նորվեգիա` 2-1, Մալթա-Վրաստան` 0-2, Իսրայել-Դանիա` 0-2, Թուրքիա-Չեխիա` 2-2, Արգենտինա-Խորվաթիա` 2-3, Ավստրիա-Կանադա` 0-2, Իռլանդիա-Շվեդիա` 3-0, Հոլանդիա-Էկվադոր` 1-0, Ֆրանսիա-Սլովակիա` 1-2, Հս. Իռլանդիա-Էստոնիա` 1-0, Ուելս-Պարագվայ` 0-0, Անգլիա-Ուրուգվայ` 2-1, Շոտլանդիա-Շվեյցարիա` 1-3:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4