Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին բռնցքամարտի հանրապետության երիտասարդական առաջնության պարգեւները վիճարկող բռնցքամարտիկները: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 350 հազար դրամ էր, որը բաշխվեց քաշային 11 կարգերում մրցանակակիր դարձած բռնցքամարտիկների միջեւ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի երիտասարդների չեմպիոններ հռչակվեցին Հայկ Մկրտչյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (54 կգ), Ռոբերտ Եղիցյանը (57 կգ), Միքայել Օհանյանը (60 կգ), Արման Հովիկյանը (64 կգ), Անդրանիկ Առուշանյանը (69 կգ), Խաչատուր Պետրոսյանը (75 կգ), Ցոլակ Անանիկյանը (81 կգ), Պավել Խաչատրյանը (91 կգ) եւ Վաղարշակ Ասլանյանը (գերծանր քաշ):
Անդրադառնալով մրցաշարի արդյունքներին, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ առաջնության մասնակիցների խաղամակարդակը ցածր էր: Նախորդ տարվա առաջնությունում ավելի համառ ու հետաքրքրական մրցապայքար էր ծավալվել: Ըստ մարզչի, միջազգային պատանեկան ռինգում աչքի ընկած մեր բռնցքամարտիկները, բացառությամբ Ազատ Հովհաննիսյանի, չկարողացան առաջնությունում իրենց ինչպես հարկն է դրսեւորել: Նույն կարծիքին էր նաեւ Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Նա եւս առանձնացրեց 54 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Ազատ Հովհաննիսյանին, նշելով, որ կային էլի մի քանի երիտասարդ բռնցքամարտիկներ, որոնք վատ տպավորություն չթողեցին:
Մարտի 28-ից ապրիլի 2-ը Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Դոնեցկում կայանալիք «Դոնբասի գավաթի» միջազգային մրցաշարին: Այդ մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար ուժերի եւս մեկ փորձարկում կլինի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ