«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2006-03-02 | #39, 2006-03-03 | #40, 2006-03-04


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄ

Կամ` քարոզչական մարտեր

Մարտի երկուսին Հայաստանի նախագահը, անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի զարգացումներին, նշել էր երեք քայլ` Հայաստանի կողմից ԼՂՀ դե յուրե ճանաչում, անվտանգության գոտու ամրապնդում, Հայաստանի պատասխանատվության իրավական ձեւակերպում` ԼՂՀ ժողովրդի անվտանգության համար նոր մոտեցումներով, եթե Ադրբեջանը շարունակի ռազմաշունչ հայտարարությունները եւ գա համապատասխան պահը: Երեկ ԱԺ ճեպազրույցներում լրագրողները մեծ մասամբ հենց նախագահ Քոչարյանի այս հայտարարությունների մեկնաբանություններն էին ուզում ստանալ խորհրդարանականներից:

Ճեպազրույցների ներկայացել էին կոալիցիոն կուսակցությունների եւ «Արդարության» ներկայացուցիչները միայն: Հենց սկզբից լրագրողներին հաջորդ հարցադրումների համար նյութ տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` Հայաստանի նախագահի հայտարարության առթիվ սկզբում մի փոքր անսպասելի «Դա պատերազմի հայտարարում էր» ձեւակերպումով: Ավելի մանրամասնելով` նա նկատեց. «Ղարաբաղի ճանաչման խնդիրը միշտ էլ Հայաստանը փաստացի ընդունել է, բայց չեմ կարծում, որ լուծումների տեսակետից դիվանագիտական առումով դա ճիշտ քաղաքականություն լինի Հայաստանի համար, համենայն դեպս` մենք էլ պիտի անհամբերության դրսեւորումներ ցուցաբերենք»: Քիչ հետո նա ավելի պարզեց ասելիքը` խնդրի լուծում չէ, բայց բարձր ռեզոնանս կարող է տալ (ենթադրվում է` Հայաստանի կողմից ԼՂՀ դե յուրե ճանաչումը կամ նման հայտարարությունը). «Եթե նույնիսկ Հայաստանն իր օրենքների շրջանակում դա որոշի ըստ էության դա նորից Ղարաբաղի խնդրի լուծում չի լինի»: Արդյոք պատերազմի հավանականություն կա՞, կամ պատերազմով կարո՞ղ է խնդիր լուծվել. պատերազմը լուծում չի տա խնդրին, պատերազմից հետո որոշումները կրկին կայացվում են դիվանագիտական հարաբերություններով:

Այդուհանդերձ` ըստ Գ. Սահակյանի, պատերազմից չպետք է վախենալ, մանավանդ որ հենց Ադրբեջանի վերջին շրջանի հոխորտանքներն են փակուղի մտցնելու խնդիրը: «Չի կարելի անընդհատ մտածել, որ բանակցության է նստում մի կողմը, մյուսն անընդհատ խոսում է պատերազմի մասին», ՀՀԿ ներկայացուցիչն ավելացրեց, որ պատերազմները չեն լուծելու խնդիրը, այլ աշխարհը, միջազգային հանրությունը, դա քանի գնում` առավել անհրաժեշտ է դառնում նրանց համար: Այս բոլորից լրագրողները եզրակացրին, որ Գ. Սահակյանը թեեւ համաձայն է բանակցությունների շարունակմանը, բայց եթե Ադրբեջանը նույն ոգով շարունակի հոխորտալ` նրան պատերազմ եւս խոստանում է: Ու գնաց... մյուս խմբակցությունների ներկայացուցիչներին լրագրողները դրդում էին մեկնաբանել Գ. Սահակյանի «Դա պատերազմի հայտարարում էր» արտահայտությունը:

«Ազգային միաբանությունից» ներկայացած Աղասի Արշակյանը կարծում էր, թե նախագահ Քոչարյանի վերջին հայտարարությունները (ինչպես, ի դեպ, Ալիեւինը) ներքին լսարանի համար են, քանի որ բանակցային գործընթացից երկու ժողովուրդների ակնկալիքները չեն բավարարվել: Պատերազմի վերսկսումը նա քիչ հավանական համարեց. «Ներքին պրոբլեմներից հասարակությանը շեղելու փորձեր են»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը առավել հանգամանալից էր անդրադառնում հարցերին: Նախագահի հայտարարությունները համարժեք պատասխան են Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքին, որի պաշտոնյաները բանակցային այս փուլում փորձում են անցնել հոգեբանական ճնշման. «Եթե բանակցային գործընթացի այս փուլն ավարտված համարվի եւ այլ չափորոշիչով խոսելու հարկ լինի, ապա ՀՀ-ն կկատարի այդ քայլերը... մեզ ոչ ոք չի կարող վախեցնել պատերազմի հեռանկարով, որովհետեւ մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը»: Ընդհանուր առմամբ նա պատերազմով խնդիր լուծելու հավանականությունը բավական մշուշոտ համարեց. «Պատերազմի արդյունքը հաշտության պայմանագիրն է` Ադրբեջանը կամ կկապիտուլացվի, կամ հաշտությամբ ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ անկախությունը»: Բայց եւ պատերազմը նոր փորձություն է երկու ժողովուրդների համար եւ կարող է խախտել տարածաշրջանի զարգացումների եւ հավասարակշռության համակարգը, որը ոչ մեկին ձեռնտու չէ, այդպիսի ռեալ վտանգ էլ չկա: Լ. Մկրտչյանը Վաշինգտոնի եւ հետագա հանդիպումները համարեց այն ազդակները, որոնք բանակցային գործընթացը կբերեն մինչեւ Ռամբուե եղած ձողանիշին եւ խորհուրդ տվեց զերծ մնալ կտրուկ գնահատականներից, տարբերել ապատեղեկատվությունն ու բուն տեղեկությունները:

«Արդարությունից» Վիկտոր Դալլաքյանի բառերով` Հայաստանում այսօր շրջում է «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հարցադրման ուրվականը. «Մենք կողմնակից ենք արժանապատիվ խաղաղության», ասաց նա եւ մտահոգվեց նախագահ Քոչարյանի երկու շեշտադրումից. ԼՂՀ-ի` բանակցություններին չմասնակցելու եւ հարցը տարածքային վեճի փոխարկվելու հանգամանքների արդյունքում ՀՀ նախագահը, ըստ Վ. Դալլաքյանի, փորձում է արդարացումներ գտնել, բացի այդ, նախագահի խոսքում պատերազմը չբացառելու նոտա կար: Այդպիսի նոտաներ «Արդարության» քարտուղարը նկատել է նաեւ Ադրբեջանի նախագահի եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խոսքում. «Մենք չէինք ցանկանա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաքարտ դառնար մեծ պետությունների ձեռքին... պատերազմում հաղթած ժողովրդին իշխանությունները փորձում են հավասարեցնել պատերազմում պարտվածի հետ»: Եվ` «Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները չեն ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է հանգեցնել նրանց իշխանության տապալմանը: Ստատուս քվոն, որ ստեղծվել է, ձեռնտու է գործող իշխանություններին»: Այլ խոսքով` պատերազմ չի լինի: Վիկտոր Դալլաքյանի խոսքի ծաղկաքաղից տեսանելի է նրա համար աննկատ մնացած մի հակասություն: Մանավանդ` «Պատերազմի վերսկսումը պետք է բացառել, եւ դրա երաշխիքը ժողովրդավարության հաստատումն է Հայաստանում»: «Ղարաբաղի հարցն օգտագործում են իշխանավարության ժամկետը երկարացնելու համար», սեպեց նաեւ Գրիգոր Հարությունյանը:

Իսկ ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը համոզված կարճեց, թե բանակցությունների միջոցով հարցի լուծման հնարավորություններ դեռեւս կան, իսկ պատերազմական գործողություններն անցանկալի են:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4