Լիբանանի խորհրդարանի նախագահ եւ շիաների «Ամալ» շարժման ղեկավար Նեբիհ Բերրիի հրավերով երեկ կլոր սեղանի շուրջը շարունակվեց նախորդ օրն սկսված համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են հրատապ այնպիսի հարցեր, որոնց լուծումից է կախված, առանց չափազանցության, երկրի ճակատագիրը: Երկրի խորհրդարանի սրահներից մեկում կազմակերպված հանդիպմանը մասնակցում են համայնքային-կուսակցական այնպիսի դեմքեր, որոնցից ոմանք ոչ շատ հեռու անցյալում լիբանանյան 16-ամյա կործանիչ պատերազմի «հերոսներն» էին: Համաժողովին մասնակցում է նաեւ հայկական կողմը:
Վերջինիՙ հայկական ներկայացուցչության եւ օրակարգի գլխավոր հարցերին տեղեկանալու համար «Ազգը» երեկ հեռախոսազրույց ունեցավ ՌԱԿ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պարույր Աղբաշյանի հետ եւ պարզեց, որ հայկական ներկայությունը համաժողովում ապահովվել է ազգային համախոհությամբ, այսինքնՙ Լիբանանի խորհրդարանում ներկայացված հայկական 3 կուսակցությունները ժողովին մասնակցում են հերթագայությամբ: Առաջին օրը հայկական համայնքը ներկայացվել է ի դեմս ՀՅԴ պատգամավոր Հակոբ Բագրատունու, երկրորդ օրըՙ ՌԱԿ պատգամավոր Հակոբ Գասարճյանի, իսկ այսօրՙ ՍԴՀԿ պատգամավոր Եղիկ Ճերեճյանի:
Ինչ վերաբերում է օրակարգի գլխավոր հարցերին, «Զարթօնքի» խմբագիրն առանձնացրեց 3 հարց.
ա) վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հանգամանքների ողջ ճշմարտության բացահայտման անհրաժեշտություն, բ) «Հզբոլլահ» կիսառազմական կազմակերպության զինաթափումՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջի համաձայն, գ) հանրապետության նախագահ Էմիլ Լահուդի կարգավիճակի ճշտումՙ ընդդիմության հրաժարականի պահանջի լույսի ներքո:
Անդրադառնալով համաժողովի շուրջը ժողովրդի տրամադրություններին, Պ. Աղբաշյանը տեղեկացրեց, որ մթնոլորտն այնքան էլ լավատեսական չէ, սակայն հենց համաժողովի կայացման փաստը որոշ հույս է ներշնչել, որ երկիրը կարող է դուրս գալ ճգնաժամից: