Սպիտակ տան վարչակազմը վճռականորեն դատապարտում է Բելառուսում նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Կոզուլինի կալանավորումն ու ծեծը եւ երկրի կառավարությանը հորդորում է ապահովել ազատ եւ ժողովրդական ընտրություններ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դեւիդ Կրամերը:
Ֆրանսպրեսը մեջբերում է Կրամերի այն խոսքերը, որ նման միջադեպերի կրկնության դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կձեռնարկի Բելառուսի դեմ, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Եվրոպայի վերջին բռնապետն» է:
Ըստ Կրամերի, ներկայումս ԱՄՆ-ը Եվրոմիության հետ քննարկում է միջազգային իրավական նորմերը խախտող Բելառուսին «պատժելու» հնարավոր տարբերակներ: Մասնավորապես կարող են ձեռնարկվել տնտեսական պատժամիջոցներ, կարող է արգելվել բելառուս ղեկավարների մուտքը որոշ երկրներ:
Սպառնալիքների պատճառը Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Կոզուլինի կալանավորումն է որպես պատգամավոր գրանցվելու փորձի ժամանակ: Կոզուլինը ըմբոստացել էր գրանցման մերժման դեմ, եւ սկսվել էր ծեծկռտուք: Նրան տարել էին միլբաժին, որտեղ նա փշրել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմանկարը: Երեկոյան Կոզուլինին ազատ էին արձակել:
Ընդդիմադիր գործչի խոսքերով, իր նկատմամբ արդեն հարուցված են մեկ վարչական եւ երկու քրեական գործեր:
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 19-ին:
Պ. Ք.