Մեկ ամիս «Microsoft»-ը Հայաստանում է
Մարտի 9-11-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կազմակերպված տեղեկատվական տեխնոլոգիաների «CeBIT 2006» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն ոլորտի 8 ընկերություններ: Ինչպես տեղեկացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, հայկական տաղավարը 21 քմ մակերես ունի եւ գտնվում է 8-րդ մասնաշենքում:
Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ Հայաստանում 2006 թ.-ին ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշը կաճի 15 տոկոսով: Տնօրենի խոսքերով, ընթացիկ տարում արտասահմանյան ընկերությունները եւս 200 մլն դոլարի ներդրում կանեն Հայաստանում իրենց ծրագրերի իրականացման համար:
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Բագրատ Ենգիբարյանը նշել է նաեւ, որ հայկական ընկերությունները հիմնականում արտասահմանյան կազմակերպությունների պատվերներ են իրականացնում, այնպես որ նրանց արտադրանքը չի կարելի հայրենական համարել: Նա նշել է նաեւ, որ մեր երկրում մեծանում է համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսության մյուս ճյուղերի միջեւ: Հաճախ օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններն արտադրության մի շարք խնդիրների լուծման համար, սակայն պրն Ենգիբարյանը դա բավարար չի համարում: Նրա գնահատմամբ, հարկավոր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործածումն ուղղորդող ծրագիր մշակել, որը կխթանի արտադրության առանձին ճյուղերի զարգացումը:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ամերիկյան «Micro-soft» ընկերության ներկայացուցչություններին, ապա պրն Ենգիբարյանը նշել է, որ դրանցից առաջինը բացվել է Հայաստանում մեկ ամիս առաջ: Հայտարարված մրցույթի արդյունքում Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ է ընտրվել «Միգմա» համակարգչային կենտրոնի նախկին տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Բանախոսը հայտարարել է, որ Հարավային Կովկասի միայն երկու երկրներում ամերիկյան ընկերությունը ներկայացուցչություն կունենա, «Վրաստանում չի լինի»:
Թ. Մ.