Դժվար է պատկերացնել միջնորդական առավել պատշաճ ձեւաչափ
Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար: Անմիջական ռազմական սպառնալիք է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու միջոցով ղարաբաղյան խնդիրն այդ եղանակով լուծելու ձգտումը: Այդպիսի քաղաքականությունն սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության միջավայրի ապակայունացմամբ: Այս մասին նշվում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքէջում հրապարակված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկույցում:
Զեկույցում նշվում է նաեւ, որ մշտական ռազմական սպառնալիքը խոչընդոտում է Հայաստանի պաշտպանական բնագավառում արմատական բարեփոխումների իրականացմանը եւ հանգեցնում սպառազինությունների մրցավազքի: Ավելին, այդ նպատակով Բաքուն ադրբեջանցի ժողովրդի մեջ մշտապես սերմանում է ատելություն հայերի հանդեպ: Այդպիսի դիրքորոշումն անհարիր է եվրոպական արժեքային համակարգ կառուցող երկրին եւ ապացուցում է, որ քաղաքական շահերի հետամուտ ադրբեջանական իշխանությունների այդ սկզբունքների հռչակումը կրում է զուտ դեկլարատիվ բնույթ: Ուստի Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ՀՀ զինված ուժերից պահանջում է մշտապես լինել բարձր մարտական պատրաստվածության վիճակում: Զինված ուժերի գլխավոր խնդիրներն են. Հայաստանի եւ ԼՂ ռազմական անվտանգության, սահմանների անձեռնմխելիության պահպանումը, յուրաքանչյուր ագրեսիայի հետմղումը: Զեկույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով գործընթացին, նշվում է, որ հնարավոր վտանգ են ներկայացնում նաեւ Ադրբեջանի փորձերըՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից տեղափոխելու այլ հարթություն, մասնավորապես ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ կամ ՆԱՏՕ: Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի քարոզչական մեքենայի ապատեղեկատվական գործունեությամբ, ինչը խնդրի էությանն անծանոթ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Բաքվին բերում է դրական միավորներ:
Համաձայն զեկույցի, Մինսկի խումբն ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որը ներկայացնում է նաեւ եվրոպական համայնքը, առավելագույն արդյունավետությամբ արտացոլում է տարածաշրջանային զարգացումներում որոշակի շահագրգռություն ունեցող ուժերի հարաբերակցությունը: Բացի այդ, երեք համանախագահ երկրներն էլ ծանրակշիռ դերակատարություն ունեն միջազգային հարաբերություններում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են, եւ դժվար է պատկերացնել միջնորդական առավել պատշաճ ձեւաչափ: Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում փոխզիջումային եւ խաղաղ կարգավորման միջոցով, ելնելով Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգության երաշխավորման պահանջներից, ինչպես նաեւ նրա կայուն ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ պայմաններից, ընդունելի համարելով կարգավորման միայն այն տարբերակները, որոնք կբխեն հետեւյալ սկզբունքներից. Ադրբեջանին Ղարաբաղի ենթակայության եւ ԼՂ անկլավային գոյության անհնարինություն, ցամաքային սահմանի առկայություն Հայաստանի հետ եւ համաշխարհային առաջադեմ գործընթացներին ԼՂ մասնակցության պայմանների ստեղծման միջազգային երաշխիքներ, պատերազմի չվերսկսման եւ Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային հստակ երաշխիքների անհրաժեշտություն:
Բոլոր հնարավոր փոխզիջումները պետք է կատարվեն այս սկզբունքների պահպանման շրջանակներում:
Ա. Հ.